2026 թվականի մայիսից Վրաստանում նախատեսվում է մի շարք նոր կանոնակարգերի գործարկում:
2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ կմտնեն «Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» իրականացված փոփոխությունները, որոնց համաձայն՝ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման համար տուգանքները կավելանան։ Մասնավորապես.
• Ճանապարհին տրանսպորտային միջոցի մանևրման կանոնների խախտման համար տուգանքը կավելանա մինչև 100 լարի: Այս իրավախախտման համար վարորդական իրավունքի վկայականից նաև կպակասեցվի 20 միավոր:
• 15 կմ/ժ-ից ավելի, բայց 40 կմ/ժ արագությունից ոչ ավելի գերազանցման համար պատժամիջոցը 50-ից կդառնա 100 լարի:
• Ավտոմեքենայով երթևեկելիս վարորդի կամ ուղևորի ամրագոտի չօգտագործելու դեպքում տուգանքը կավելանա մինչև 50 լարի, իսկ վարորդական իրավունքից կպակասեցվի 10 միավոր:
• Ավտոմեքենա վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար պատժամիջոցը կդառնա մինչև 50 լարի:
• Կանգառի և կայանման կանոնների խախտման համար, Թբիլիսիի նման, տուգանքի չափը մինչև 50 լարի կդառնա Քութաիսիում, Բաթումիում, Մցխեթայում, Ռուսթավիում, Գորիում, Թելավիում, Փոթիում, Զուգդիդիում, Ախալցիխեում, Օզուրգեթիում և Վրաստանի հանգստավայրերում, նաև M3, N2, N3 կամ T կատեգորիայի տրանսպորտային միջոցների համար:
• «Դրիֆտը», որին հաջորդել է գույքի կամ մարդու առողջության թեթև վնասում, բացի 500 լարի տուգանքից, կառաջացնի նաև վարորդական իրավունքի կասեցում 6 ամիս ժամկետով:
• Ճանապարհային երթևեկության կանոնների կրկնակի խախտումը, որը հանգեցրել է վթարային իրավիճակի կամ խցանման ստեղծման, կառաջացնի տուգանք 300 լարիի չափով և վարորդական իրավունքի 30 միավորի նվազեցում:
• 500 լարի տուգանք կնախատեսվի Թբիլիսիում ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին N2 և/կամ N3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների երթևեկության համար, եթե բեռնափոխադրման նշանակման վայրը Թբիլիսին չէ:
Սկսվում է ինքնազբաղված օտարերկրյա քաղաքացիների զբաղվածության նկատմամբ վերահսկողությունը։
«Աշխատանքային միգրացիայի մասին օրենքում» կատարված փոփոխություններով՝ մարտի 1-ից Վրաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի տեղավորումը սահմանափակվել է: Օրինական աշխատանքի համար նրանց անհրաժեշտ է ձեռք բերել «աշխատանքային գործունեության իրավունք»:
Նոր կանոններով՝ տեղացի գործատուները պարտավոր են հիմնավորել օտարերկրացու աշխատանքի անհրաժեշտությունը հայտարարված թափուր աշխատատեղի համար և թույլտվություն ստանալ համապատասխան գերատեսչություններից: Լիովին արգելվել է օտարերկրացիների աշխատանքը, օրինակ, այնպիսի գործունեություններում, ինչպիսիք են՝ զբոսավարները, առաքիչները, տաքսիստները:
Նշենք նաև, որ խախտման դեպքում օրենքով նախատեսված են ֆինանսական պատժամիջոցներ:
Թեև նոր կարգը գործում է մարտից, սակայն ինքնազբաղված օտարերկրացիների նկատմամբ կիրառման մեխանիզմները կգործարկվեն 2026 թվականի մայիսի 1-ից: Այսինքն՝ նրանք պետք է մինչև այդ ամսաթիվը հասցնեն կարգավորել բոլոր փաստաթղթերը:
Առևտրային նպատակով այգետարածքների հիմնումը թույլտվություն կպահանջի.
«Որթատունկի և գինու մասին օրենքում» կատարված փոփոխությունների համաձայն՝ ձեռնարկատիրական նպատակով խաղողի այգիների հիմնման կանոնները փոխվել են:
Մայիսի 1-ից հետո առևտրային նպատակներով այգի հիմնելը հնարավոր կլինի միայն Գինու ազգային գործակալության նախնական համաձայնության հիման վրա:
Հակառակ դեպքում անձը եթե ինքնակամ հիմնի այգի, չի կարողանա իրականացնել ստացված խաղողի կամ արտադրված գինու առևտրային իրացումը:
Այս կանոնակարգը տարածվում է միայն նրանց վրա, ովքեր այգին նախատեսում են ձեռնարկատիրական գործունեության համար, և չի վերաբերում անձնական սպառման համար տնկվող այգիներին: Գործակալության թույլտվությունը տրվում է անվճար:
Թանկանում է «Սիլքնետի» (Silknet) ծառայությունը.
Փոխվում են «Սիլքնետի» շարժական ինտերնետ-փաթեթների, օպտիկական ինտերնետի և հեռուստատեսության սակագները:
Ըստ ընկերության տարածած տեղեկության՝ որոշ փաթեթների գինը մայիսի 1-ից կբարձրանա, իսկ մի մասինը կմնա անփոփոխ: