TI-ն ամփոփել է Վրաստանի մեդիաիրավիճակը

Մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է։

Այս օրվա կապակցությամբ «Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ը (TI) ուսումնասիրել և ամփոփել է «Վրացական երազանք»-ի պայմաններում մեդիայի վիճակը 2026 թվականի առաջին 4 ամիսներին։

Ակնարկում խոսվում է ինչպես սպառնալիքների, ֆիզիկական հարձակումների և լրագրողական գործունեության խոչընդոտման, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք նույնպես ծառայում են լրատվամիջոցների գործունեության սահմանափակմանը։

TI-ն գրել է.

«Չնայած բազմաթիվ մարտահրավերներին, սուղ նյութատեխնիկական ռեսուրսներին կամ «Վրացական երազանք»-ի իշխանության լրատվամիջոցներին լռեցնելու բազմաթիվ փորձերին, վրացական քննադատական մեդիան չի հանձնվում ռեժիմի ստեղծած բռնապետական միջավայրին և շարունակում է ակտիվորեն կատարել իր գլխավոր պարտականությունը՝ հասարակությանը պատշաճ իրազեկումը։

Քննադատական մեդիայի նկատմամբ ճնշումը հստակորեն ցույց է տալիս վերջին տարիների տագնապալի վիճակագրությունը, ըստ որի` շարունակվում են լրագրողների նկատմամբ տարբեր տեսակի հարձակումների, բռնության, սպառնալիքների և լրագրողական գործունեության խոչընդոտման հարյուրավոր դեպքերը։ Այս առումով բացառություն չէին նաև 2026 թվականի առաջին չորս ամիսները։ Հաշվետու ժամանակահատվածում (հունվար-ապրիլ) «Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ն արձանագրել է մոտ 60 նման դեպք։

Լրագրողների դեմ կատարված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը չի հետաքննվել, և մեղավոր անձինք պատասխանատվության չեն ենթարկվել։ Հանցագործների անպատժելիության հաստատված վնասակար պրակտիկան էլ ավելի է խրախուսում նման դեպքերը և լրագրողական գործունեությունը դարձնում է ավելի խոցելի։

«Վրացական երազանք»-ի իշխանության ներկայացուցիչները համակարգված խոսքային հարձակումներ են գործում քննադատական մեդիայի վրա, իսկ նրանց պրոպագանդիստական լրատվամիջոցները մշտական վարկաբեկման արշավներ են իրականացնում` քննադատական լրատվամիջոցներին կոչելով նվաստացուցիչ բնորոշումներով և, հասարակության մեջ անվստահություն սերմանելու նպատակով, նրանց տարածած տեղեկատվությունը ներկայացնում որպես «կեղծ լուրեր»։ Ընդհանուր առմամբ, ինչպես այլ ոչ ժողովրդավարական ռեժիմների դեպքում, «Վրացական երազանք»-ի իշխանության ձեռնարկած զանազան միջոցներով պայքարի գլխավոր նպատակը երկրում անկախ, ազատ և այլընտրանքային ձայների լռեցումն է, վերջնական անհետացումը և երկրում գրաքննության հաստատումը»։