Վրաստանում մտահոգիչ միտումներ են. Մամուլի ազատության կոալիցիա

Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Մամուլի ազատության կոալիցիայի համանախագահ պետությունները՝ Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան, համատեղ հայտարարություն են տարածել։

Հայտարարությանն աջակցել են կոալիցիայի անդամ հետևյալ պետությունները՝ Ավստրիան, Բելգիան, Դանիան, Էստոնիան, Գերմանիան, Իսլանդիան, Իռլանդիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը և Շվեդիան։

«Մամուլի ազատության համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է մայիսի 3-ին, հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու լրագրության դերը և միաժամանակ ուշադրություն հրավիրելու այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է այս մասնագիտությունը։ Այս տարվա թեման՝ «Խաղաղ ապագայի ձևավորումը», հատկապես արդիական է Վրաստանի համար։ Այն ժամանակ, երբ միջազգային խաղաղությունը փխրուն է, իսկ ժողովրդավարությունը ճնշման է ենթարկվում, մենք հպարտ ենք, որ կանգնած ենք այն լրագրողների կողքին, որոնք շարունակում են բարձրաձայնել ճշմարտությունը` հաճախ սեփական անվտանգության գնով։

Վրաստանում մենք տեսնում ենք մտահոգիչ միտումներ։ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության տվյալներով՝ մամուլի ազատության վարկանիշում Վրաստանի տեղը կտրուկ վատթարացել է։ Վրաստանը 2022 թվականին զբաղեցնում էր 77-րդ տեղը, իսկ 2026 թվականին՝ 135-րդ տեղը, ինչը լուրջ հետընթաց է։ RSF-ն Վրաստանի մեդիա միջավայրը գնահատում է «բարդ» և մատնանշում լրագրողական գործունեությանը միջամտությունը, լրագրողների նկատմամբ բռնությունը և այն օրենքները, որոնք սահմանափակում են ազատ արտահայտվելու տարածքը։

Հայտնի են առնվազն 50 լրագրողներ, որոնք ցույցերի ժամանակ տուժել են, ծեծի են ենթարկվել, ձերբակալվել կամ խոչընդոտվել է նրանց մասնագիտական պարտականությունների կատարումը։ Այս հարձակումներն անընդունելի են։ Լրագրողները պետք է հնարավորություն ունենան ազատորեն հետաքննելու, լուսաբանելու և իշխանությունների գործողությունները հարցականի տակ դնելու՝ առանց վախի»,- նշված է հայտարարության մեջ։