«Ռուսական օրենքը» պետք է անվերապահորեն հետ կանչվի. ՀԿ-ներ

Վրաստանյան 120 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` պահանջելով, որ կառավարությունը անվերապահորեն հետ կանչի «ռուսական» օրենքը։ Հայտարարության մեջ ասվում է, որ օրենքը դարձել է ժողովրդի նկատմամբ իշխանության բռնության, երկրի նկատմամբ ահաբեկման ու դավաճանության խորհրդանիշ։

«Վրաստանում Պուտինի կանոններ հաստատելու այս փորձը դավաճանություն է մեր բոլոր նախնիների ու հայրենակիցների նկատմամբ, որոնք ավելի քան երկու հարյուր տարի կռվել և պայքարում են Վրաստանի հակառակորդների դեմ։

Միջազգային հանրության կողմից դատապարտված օրենքի նախագծի օրենք չդառնալուն մնում է նախագահի վետոն, որը խորհրդարանը չպետք է հաղթահարի։ Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ վրաց ժողովուրդը չի ընդունի ռուսական օրենքները, բռնի կառավարումը և անջատումը արևմտյան աշխարհից»,- նշել են ՀԿ-ները:

Նրանք հայտարարել են՝ լիովին համամիտ են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիրքորոշմանը, որ անհնար է բարելավել այս օրենքը և Եվրահանձնաժողովի հայտարարությանը, ըստ որի՝ օրենքը պետք է հետ կանչվի։

ՀԿ-ների պնդմամբ՝ երկրում բռնությունը չզսպելու և արևմտյան վեկտորը փոխելու իրավական հետևանքը կլինի անձնական ֆինանսական պատժամիջոցները, որոնք կկիրառվեն նրանց և իրենց ընտանիքի անդամների նկատմամբ, ովքեր անձնական շահը վեր են դասում երկրի սահմանադրությունից. «Վրաց ժողովրդի կամքն անսասան է: Մեր նավը շարժվում է դեպի Եվրոպա։ Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ կառավարությունը պետք է անվերապահորեն հետ կանչի այս օրենքը։ Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին»:

Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` ստորագրելու: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։