Դրամահավաք Դյուշենի համախտանիշով հիվանդ երեխաներին օգնելու համար

Վրաստանում մեկնարկել է դրամահավաք Դյուշենի համախտանիշով հիվանդ երեխաներին օգնելու նպատակով: Դրամահավաքի շրջանակներում հավաքում են «Վրաստանի բանկ»-ի միավորներ (MR միավորներ):

Միավորները հնարավոր է փոխանցել հետևյալ հաշվեհամարին` 01024005590:

Դյուշենի մկանային դիստրոֆիան գենետիկ հիվանդություն է, որը վաղ տարիքում առաջացնում է մկանների պրոգրեսիվ հյուծում` ծանր, հաճախ ճակատագրական հետևանքներով։ Ծնողների տվյալներով՝ Վրաստանում այդ ախտորոշմամբ ապրում է շուրջ հարյուր երեխա։

Ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հայտարարել է, որ դեղամիջոցների ներկրման հարցում գլխավոր խոչընդոտը անվտանգության առումով ռիսկերն են։ Նրա խոսքով՝ պահանջվող թերապիան նաև ակնհայտ թանկ արժե։ Նախարարը կոնկրետ պրեպարատներ չի անվանել, սակայն պարզաբանել է, որ մի մասը չունի European Medicines Agency (EMA) հավաստագրում, իսկ մյուս խումբը հաստատել են միայն Food and Drug Administration (FDA)-ն և ոչ EMA-ն։ Նրա գնահատմամբ՝ Դյուշենի համախտանիշ ունեցող առնվազն 100 բուժառուին անհրաժեշտ դեղամիջոցների տարեկան ֆինանսավորումը կազմում է շուրջ 100 միլիոն լարի, ինչը զգալի ֆինանսական բեռ է պետական բյուջեի համար։