Այսպես չեք կարող մտնել ԵՄ. Գերմանիայի դեսպանը՝ Կալաձեի և Կոբախիձեի նամակների մասին

Վրաստանում Գերմանիայի դեսպանը քննադատել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի արձագանքը, Զաարբրյուկեն քաղաքի որոշումը` Թբիլիսիի հետ 50-ամյա «բարեկամությունը» դադարեցնելու մտադրությունից հետո։

Դեսպան Պիտեր Ֆիշերը նաև քննադատել է «Վրացական երազանք»-ի կառավարության հրապարակային նամակը եվրոպական հաստատությունների ղեկավարներին։

«Սա Զաարբրյուկեն քաղաքի որոշումն է։ Այս քաղաքն ունի իր սեփական քաղաքապետը, որն ընտրվում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով», — ասել է դեսպան Պիտեր Ֆիշերը։

«Այսօր վարչապետ Իրակլի Կոբախիձեն ևս հրապարակեց բաց նամակ՝ ուղղված Եվրամիության ղեկավարներին, որը ճիշտ նույն բովանդակությունն ունի. մենք՝ վրացիներս, իսկական եվրոպացիներ ենք, իսկ դուք բոլորդ վատն եք և հետընթաց եք ապրում։ Դուք չեք կարող այսպես մտնել Եվրամիություն, իսկապես չեք կարող», — նշել է դեսպանը։

Գերմանական լրատվամիջոցներում մայիսի 18-ին հայտնվեց տեղեկություն այն մասին, որ գերմանական քաղաքը, որը 1975 թվականին քույր քաղաք էր դարձել Թբիլիսիի հետ, դադարեցնում է իր բարեկամությունը Վրաստանի մայրաքաղաքի հետ։

Թբիլիսիի քաղաքապետը մայիսի 19-ին գերմանական քաղաքի քաղաքական որոշմանը արձագանքեց գերմանացի ժողովրդին ուղղված «ցավակցական նամակով», որում նա «գերմանական բյուրոկրատիան» բնորոշեց «դիփ սթեյթի» ենթակա։