Պաշտպանության փոխնախարարը` Սահմանադրական դատարանի անդամության թեկնածու

glKhIFpOՎրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երկրի բարձրագույն` Սահմանադրական դատարանի անդամության համար Աննա Դոլիձեի թեկնածությունն է առաջադրել:

Ինչպես նշել է Մարգվելաշվիլին, Դոլիձեն այն մարդն է, ով տարիների ընթացքում առանձնացել է սկզբունքայնությամբ` անարդարության դեմ պայքարում, պրոֆեսիոնալիզմով, ինչպես նաեւ առանց վախենալու դիրքորոշում հայտնելու կարողությամբ, մասնավորապես`Վրաստանում մեծ աղմուկ հանած Գիրգվլիանիի հայտնի գործի պարագայում:

Մարգվելաշվիլին համոզված է, որ Աննա Դոլիձեն այս պաշտոնում կպահպանի այն սկզբունքայնությունը, որը դրսեւորել է նախկին կառավարության ժամանակ: Աննա Դոլիձեն այս պահին հանդիսանում է պաշտպանության փոխնախարար:
Դոլիձեն, իր հերթին ասել է . «ես պատրաստ եմ սովորական զինվոր լինել մեր երկրի բարեփոխումների գործում: Սա մեծ պատիվ է հատկապես իրավաբանների համար: Մեծ հաճույքով ընդունում եմ այս առաջարկը եւ հույս ունեմ, որ իմ փորձը կօգնի Վրաստանի դատական համակարգին» :
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վրաստանի բարձրագույն դատարանի դատավոր Լեւան Մուրուսիձեն՝ կաշառք վերցնելու մեջ մեղադրվելով`  խորհրդարանի որոշմամբ ազատվել էր պաշտոնից:

Թողնել պատասխան