Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությանը:
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել երկկողմ հարաբերությունների վերագործարկման և ռազմավարական համագործակցության վերականգնման ուղղությամբ։
«Կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունները, այդ թվում՝ տրանսպորտի, լոգիստիկայի և էներգետիկայի ոլորտներում։
Ընդգծվել է «Միջին միջանցքի» շրջանակներում Վրաստանի դերի ուժեղացումը և տարածաշրջանային կապերի մեծացումը։ Նշվել է նաև Ամերիկայի մեծ հետաքրքրությունը «Միջին միջանցքի» զարգացման նկատմամբ։ Շեշտը դրվել է Վրաստանում ամերիկյան ներդրումների վրա, այդ թվում՝ Փոթիի ծովային նոր նավահանգստի ընդլայնման նախագծի վրա, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) աջակցությամբ։
Կողմերը դրական են գնահատել երկկողմ տնտեսական համագործակցության ներկա դինամիկան և նշել, որ երկխոսության առկայությունը դրականորեն կանդրադառնա երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության վերականգնման գործընթացի վրա»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։