Սերբիայի նախագահը պաշտոնական այցով Վրաստան կժամանի

Այսօր պաշտոնական այցով Վրաստան կժամանի Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ տիկնոջ և պետական պատվիրակության ուղեկցությամբ։ Այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի նախագահի լրատվական ծառայությունը։

Ծառայության փոխանցմամբ՝ հունիսի 15-ին սերբ գործընկերոջ դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Նախագահական պալատում՝ ժամը 15:35-ին, որից հետո «Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին առանձնազրույց կունենա Ալեքսանդր Վուչիչի հետ, կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության և գործընկերության խորացման հարցերը։

Ի դեպ, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպել են նաև անցյալ տարվա դեկտեմբերին Բելգրադում։