ԳՄՕ կարգավորումների նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունում կայացել է գենետիկորեն ձևափոխված կենդանի օրգանիզմները կարգավորող օրենսդրության արդյունավետ կիրարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը։

Նախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են «Գենետիկորեն ձևափոխված կենդանի օրգանիզմների մասին» օրենքով նախատեսված փոփոխությունների գործնական ներդրման, համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի մշակման և նախարարության ինստիտուցիոնալ պատրաստվածության ապահովման անհրաժեշտ միջոցառումները։

«Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Գենետիկորեն ձևափոխված կենդանի օրգանիզմների մասին» Վրաստանի օրենքում փոփոխությունները, որոնցով սահմանվել է կենդանիների կերի արտադրության նպատակով Վրաստանի տարածքում թույլատրված գենետիկորեն ձևափոխված կենդանի օրգանիզմների (բացառությամբ եգիպտացորենի, ցորենի և խաղողի վազի) ներմուծման ու վերամշակման իրավական շրջանակը։ Օրենսդրության արդյունավետ կիրարկման դեպքում անհրաժեշտ է մանրամասն ենթաօրենսդրական ակտերի մշակում, այդ թվում՝ նախարարության համապատասխան գերատեսչությունների համակարգային և ինստիտուցիոնալ պատրաստվածություն։ Ըստ այդմ՝ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ակտիվ ու ինտենսիվ աշխատում է ենթաօրենսդրական ակտերի մշակման և այն կարիքների ու հիմնական ուղղությունների որոշման շուրջ, որոնց բավարարումը պարտադիր է, որպեսզի նախարարությունն ինստիտուցիոնալ առումով պատրաստ լինի օրենսդրության պահանջների կատարմանը»,— ասել է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նինո Թանդիլաշվիլին։