Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով, Լուբլիանայի փողոցի 50 հասցեում, շինարարական փոսորակի տարածքում հողաշերտ է փլուզվել. տեղի բնակիչները օգնություն են հայցում։
Բնակչությունը երկար ժամանակ է, ինչ բողոքարկում է նշված շինարարությունը, քանի որ, նրանց խոսքով, վտանգ է սպառնում նաև հարակից շենքերին։ Քաղաքացիների պնդմամբ՝ այն պահից, ինչ բազմահարկ շենքի համար հիմքեր փորեցին, ճաքեր հայտնվեցին, այդ թվում՝ ճանապարհի վրա։
«Վարար անձրևի ժամանակ սկսվեց փլուզումը։ Շատ ուժեղ ձայն էր։ Արդեն գիշերվա ժամը երկուսն էր, և այդ աղմուկից արթնացանք։ Հիմքերը փորելուց ի վեր ճաքեր առաջացան։ Ճաքերը մեծանում են, և վտանգն օրեցօր ավելի է մեծանում։ Այստեղ շինարարությունը սկզբում սկսվել էր, հետո կասեցրին․ հետո ստորագրահավաք կազմակերպեցինք և ցանկանում էինք, որ կասեցված շինարարության տեղում զբոսայգի հիմնեին։ Հետո չգիտեմ ինչ պատահեց, նորից թույլտվություն ստացան ու շարունակեցին»,- պատմել է տեղի բնակիչը TV Pirveli-ին։
Քիչ առաջ տեղում էին Թբիլիսիի քաղաքապետարանի շրջանային լաբորատորիայի աշխատակիցները, որոնք լուսանկարել են տարածքը և մակերեսային զննումից հետո հայտնել, որ տարածքն ամբողջությամբ ենթակա է հետազոտման։