Կարկուտի պատճառով` 4 միլիոն լարիի վնաս

Վրաստանում տեղի ունեցած տարերային աղետները ավտոապահովագրության շուկայում դիմելիության կտրուկ աճ են գրանցել։ BMG-ի հետ զրույցում «Գլոբալ Բենեֆիթս Ջորջիա»-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Նինա Կոբախիձեն հայտնել է, որ միայն «Բենեֆիթս» ընկերության հունիսյան կարկուտից վնասված ավտոմեքենաների տերերին հատուցել է մոտ 4 միլիոն լարի։

«Մեր ընկերությունն արձանագրել է մոտ 4 միլիոն լարիի վնաս՝ ինչպես անհատական, այնպես էլ կորպորատիվ ավտոմեքենաների կարկտահարման պատճառով։ Բավականին բարձր ցուցանիշ էր։ Ընդհանուր առմամբ, բոլոր ապահովագրական ընկերություններն արձանագրեցին վնասաբերության բավականին բարձր մակարդակ, որովհետև կարկուտը այն աղետալի երևույթն է, որը չես կարող կանգնեցնել և ոչինչ չես կարող անել։ Համապատասխանաբար, հունիսին այս պատահարից առաջացած վնասը բավականին մեծ էր»,- BMG-ի հետ զրույցում ասել է Կոբախիձեն։

Նինա Կոբախիձեի պարզաբանմամբ, ավելացել է նաև պահանջարկը ավտոմեքենաների ապահովագրության ուղղությամբ։ Այնուամենայնիվ, չնայած աճած հետաքրքրությանը, Կոբախիձեն նշել է, որ այս պահանջարկը հաճախ կարճաժամկետ բնույթ է կրում։ «Կցանկանայի, որ հետաքրքրությունը կապված չլիներ միայն տարերային աղետի հետ։ Քաղաքացիները պետք է գիտակցեն, որ ապահովագրությունը շքեղություն չէ, այլ տարրական ֆինանսական գործիք է, որով հնարավոր է խուսափել անսպասելի ծախսերից»,- ասել է Նինա Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ապահովագրական ոլորտը տարեկան աճում է մոտ 10-15%-ով, սակայն շուկայի լիարժեք զարգացման համար անհրաժեշտ է պարտադիր ապրանքատեսակների/ծառայությունների ներդրում։

«Անհրաժեշտ են պարտադիր բնույթի ծառայություններ, ինչպիսին է երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ)։ Երբ պետությունը կօգտագործի ապահովագրությունը որպես ֆինանսական ռիսկերի կառավարման միջոց, այն ժամանակ բնակչության շրջանում այս ծառայության ժողովրդականությունն ավտոմատ կերպով կաճի»,- կարծում է Նինա Կոբախիձեն։