Զինվորական ծառայության կանչվելու վերաբերյալ ծանուցագիր հանձնելու կարգը փոխվում է։ Արտասահմանում գտնվելը, գրանցման հասցեում չլինելը կամ ծանուցագիրն ընդունելուց հրաժարվելն այլևս հիմք չեն հանդիսանա բանակից խուսափելու համար։ Ծանուցագիրը կարող են հանձնել նաև ընտանիքի անդամին։
Ինչ է փոխվում Պաշտպանության օրենսգրքում
Ամեն տարի զորակոչիկներին բանակ կանչելու մանրամասն ընթացակարգը Վրաստանի կառավարությունը կարգավորում է որոշմամբ։ Օրինակ՝ 2025 թվականի որոշման համաձայն, 2026 թվականին 5800 մարդ համապատասխանում է պարտադիր զինվորական ծառայություն անցնելու չափանիշներին։ Նրանք 18-ից 27 տարեկան են և չունեն պատճառ, որով կհետաձգեն բանակ գնալը կամ կազատվեն այդ պարտականությունից։
Պարտադիր զինվորական ծառայության հետաձգում կարող են ստանալ․
Նրանք, ում բժշկական հանձնաժողովը ճանաչել է անհամապատասխան զինվորական ծառայության համար՝ առողջական կամ այլ ֆիզիկական վիճակի պատճառով։
Այն քաղաքացիները, որոնք զինվորական կամ այլընտրանքային ծառայությունն արդեն անցել են այլ երկրում։
Անձինք, որոնք դատապարտված են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար։
Ընտանիքի միակ որդին, որի ընտանիքի առնվազն մեկ անդամը զոհվել է Վրաստանի տարածքային ամբողջականության համար մարտերում կամ զինվորական ծառայությունը կատարելիս։
Վրաստանի խորհրդարանի գործող անդամները։
Վարչապետն իրավունք ունի, հատուկ հանձնաժողովի երաշխավորության հիման վրա զինվորական ծառայությունից ազատել բացառիկ տաղանդ ունեցող անձանց։ Նշված հանձնաժողովի կազմն ու աշխատանքի կարգը սահմանում է Կառավարությունը։
Նաև, օրենքը նախատեսում է կարճաժամկետ «արտոնյալ» շրջան (առավելագույնը 3 ամիս) այն անձանց համար, որոնց հաշմանդամության կարգի ժամկետը սպառվել է, և սպասում են վերաստուգման։
Օրինագծի հաստատումից հետո բանակ կանչելու հոդվածին կավելացվեն նոր դրույթներ։
Զորակոչիկին բանակ կանչելը հնարավոր կլինի ինչպես ծանուցագիր հանձնելով, այնպես էլ տեխնիկական կամ կապի այլ միջոցներով (այդ թվում՝ կարճ տեքստային հաղորդագրությամբ/SMS):
Սա պետք է հաստատվի հետադարձ կապով կամ համապատասխան մարմնի կազմած ակտով։
Երրորդ ճանապարհը ծանուցագիրն անձամբ հանձնելն է, ինչը նույնպես պետք է հաստատվի ստորագրված փաստաթղթով։ Եթե նորակոչիկը հրաժարվում է ստորագրել, նրա փոխարեն ստորագրում է լիազորված անձը։
Ով կարող է լինել լիազորված անձը
Օրինագծի համաձայն՝ լիազորված անձը կարող է լինել ընտանիքի անդամը։
Ընտանիքի ո՞ր անդամը․
Սա պետք է սահմանվի Կառավարության որոշմամբ, որը կմշակվի և կհրապարակվի օրենքի ընդունումից հետո։
Հրապարակումն ամենակարևոր փոփոխությունն է
Եթե զորակոչիկը ծանուցագիրն անձամբ չի ստանում, չի պատասխանում կարճ տեքստային հաղորդագրություններին կամ էլեկտրոնային փոստին, և փոստի միջոցով ուղարկելն էլ անհնար է, ապա զինվորական հաշվառման մարմինը ծանուցագիրը հրապարակում է պաշտոնական կայքում։
Ծանուցագիրը հրապարակման 7-րդ օրն ավտոմատ կերպով կհամարվի հանձնված։
Նման դեպքում նորակոչիկը պարտավոր է 10 օրվա ընթացքում ներկայանալ զորակոչիկի զինվորական հաշվառումն իրականացնող մարմնին։
Այս կանոնը տարածվելու է նաև արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիների վրա։
Այսինքն՝ եթե մինչ այժմ Վրաստանում չգտնվելը ծանուցագիրը չհանձնելու պատճառ էր դառնում, կայքում հրապարակումն այս հարցը կլուծի։ Արտասահման ժամանակավոր մեկնած զորակոչիկը պարտավոր կլինի զինծառայության կանչվելու ծանուցման հրապարակումից անմիջապես հետո՝ 10 օրում, վերադառնալ Վրաստան և ներկայանալ զորակոչային հանձնաժողով։
Թե որ կայքում և ինչ ձևով կհրապարակվեն ծանուցագրերը, ինչպես պետք է նորակոչիկները տեսնեն փաստաթղթերը՝ այս հարցերն օրինագիծը չի կարգավորում։ Նշված է, որ այս հարցերը նույնպես Կառավարությունը կկարգավորի օրենքի ընդունումից հետո։
Ինչ կլինի, եթե զորակոչիկը չներկայանա հանձնաժողովին
Պարտադիր զինվորական ծառայությունից միտումնավոր խուսափելը քրեական հանցագործություն է։
Քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի համաձայն՝ զորակոչիկի խուսափելը զինվորական ծառայությունից, այդ թվույմ՝ հիվանդության կեղծ ցուցադրմամբ, մարմնական վնասվածք հասցնելով, կեղծ փաստաթուղթ օգտագործելով կամ այլ խաբեությամբ․
Պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով։
Մեկամյա թույլտվություններ
Պաշտպանության օրենսգրքում սահմանված են այն ոլորտները, որտեղ զինվորական կարգավիճակ ունեցող անձը (և՛ զինվորը, և՛ վարչական անձնակազմը) զինվորական ծառայությանը զուգահեռ կարող է աշխատել։
Այս ոլորտներն են՝ գիտություն, մանկավարժություն, բժշկություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ավիացիոն ոլորտ, արտասահմանում միջազգային կազմակերպությունում աշխատանք, ինչը կապված է միջազգային գործընկերության կամ խաղաղապահ գործողությունների հետ։
Գործող կարգով՝ պաշտպանության համակարգում աշխատողներին զուգահեռ գործունեության համար անհրաժեշտ է նախարարության թույլտվությունը։ Փոփոխությունների համաձայն՝ նրանք ստիպված կլինեն այդ թույլտվությունը ստանալ տարեկան մեկ անգամ։ Կապ չունի, թե քանի տարվա պայմանագիր ունեն կնքած։
Թույլտվություն ստանալու այս կանոնը կապված է «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքի ընդունման հետ։ Փոփոխված օրենքը հանրային ծառայողներին հավելյալ վճարովի գործունեության համար պարտադրում է ղեկավարի գրավոր համաձայնությունը։ Օրենքը խախտելու դեպքում հանրային ծառայողին սպառնում է աշխատանքից ազատում և հանրային հատվածում աշխատելու 2 տարվա արգելք։ Սահմանված է նաև դրամական տուգանք։
Պայմանագրային ծառայության խախտում
Պայմանագրային զինվորական ծառայությունը պայմանագրի վրա հիմնված, կամավոր, ժամկետային զինվորական ծառայություն է․ պայմանագրային զինվորական ծառայության զինծառայողներ են շարքայինի, առաջին կարգի շարքայինի, կապրալի, կապրալ-մասնագետի, կրտսեր սերժանտի, սերժանտի, ավագ սերժանտի, մաստեր-սերժանտի, գլխավոր սերժանտի, լեյտենանտի, ավագ լեյտենանտի, կապիտանի զինվորական կոչում ունեցողները։
Սովորաբար, երբ զինվորականը խախտում է պայմանագիրը և հեռանում, նրա վրա դրվում է դրամական տուգանք։ Իսկ այս փոփոխությամբ՝ եթե խախտես պայմանագիրը, բայց անցնես 8-ամսյա պարտադիր ծառայության, տուգանքը նախ կկասեցվի, իսկ 8-ամսյա ծառայությունն ավարտելուց հետո ընդհանրապես կչեղարկվի։
Պաշտպանության օրենսգրքում պարբերաբար փոփոխություններ են ներառվում։ Փոփոխությունների մեծ մասը քաղաքական քննարկումների առիթ է դարձել։ Խորհրդարանում քննարկման ժամանակ օրենսգիրքը քննադատներ կային։
Վերջին փոփոխություններից մեկը կատարվել է պարտադիր զինվորական ծառայության հետաձգման կարգում։ Փոփոխությունները վերաբերել են ուսանողներին և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Այս փոփոխությամբ՝ պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգելու իրավունք այլևս չունեն այն ուսանողները, որոնք սովորում են հեռավար։ Այս փոփոխությունը վերաբերել է նաև այն ուսանողներին, որոնք ընդունվել են արտասահմանյան համալսարան, սակայն կրթությունը ստանում են ոչ թե արտերկրում, այլ հեռավար՝ Վրաստանից։ Հեռավար ուսուցման մասին դրույթ Պաշտպանության օրենսգրքում մինչ այդ գոյություն չուներ։