Վրաստանի մուսուլմանական համայնքին փոխանցվել է 20 մզկիթ, իսկ հրեական համայնքին՝ 1 սինագոգ

Վրաստանի Ջումա մզկիթը
Վրաստանի Ջումա մզկիթը

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Վրաստանի կրոնական հարցերով պետական գործակալությունը երկրի մուսուլմանական համայնքին է տրամադրել ևս 20 մզկիթ, որոնք հիմնականում տեղակայված են Արևմտյան Վրաստանում:Այս մասին տեղեկանում ենք Sputnik-Georgia լրատվական կայքից:

Նշվում է, որ կրոնական միավորումների գույքային և ֆինանսական հարցերի քննարկման նիստին մասնակցել են ներկայացուցիչներ Վրաց ուղղափառ եկեղեցուց, հայկական առաքելական եկեղեցուց, մուսուլմանական և հրեական համայնքներից:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ներկայում Վրաստանում գործում է ավելի քան 250 մզկիթ, որից 150-ը հանձնվել է մուսուլմանական համայնքին: Մյուս մզկիթները ևս նրանց փոխանցելու աշխատանքները շարունակվում են:

2014 թվականի մարդահամարի տվյալներով՝ այժմ Վրաստանում ապրում է 398 հազար մուսուլման:

Նույն նիստի ընթացքում հրեական համայնքին էլ փոխանցվել է մեկ սինագոգ, որը տեղակայված է Սաչխերեում:

Հայտնի է, որ Վրաստանում գործում է 19 սինագոգ, որից 17-ն արդեն հրեական համայնքին է փոխանցվել: Սինագոգների մեծ մասը Վրաստանում պատմական հուշարձանի կարգավիճակ ունի:

Դարձյալ վերջին մարդահամարի տվյալներով՝ Վրաստանում ապրում է 3000 հրեա, որից 1300-ը հուդաիզմի հետևորդ է:

Թողնել պատասխան