Մարիամ Քվրիվիշվիլին և ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը հանդիպել են

Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ-Զեյուդիի հետ։

Նախարարության տվյալներով՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում համագործակցության ամրապնդման և երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման հարցերը։

«Երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնահատուկ շեշտվել է Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիությունների միջև Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի (CEPA) կարևորությունը։ Նշվել է նաև, որ աշխատանքներ են տարվում համաձայնագրի համատեղ հանձնաժողովի առաջին նիստի կազմակերպման ուղղությամբ, որին զուգընթաց նախատեսվում է առևտրային առաքելության կազմակերպում՝ արտահանման աճի և առևտրային հարաբերությունների ամրապնդման նպատակով, որին կմասնակցեն խոշոր արտահանող և գնորդ ընկերություններ երկու երկրներից էլ։

Կողմերը դրական են գնահատել առևտրի ոլորտում երկրների միջև համագործակցությունը. 2025 թվականին առևտրաշրջանառությունը գերազանցել է 430 միլիոն ԱՄՆ դոլարը, ինչը 15 տոկոսով աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ, արտահանումն աճել է 89%-ով։ Հանդիպմանը նշվել է, որ տնտեսական կապերի խորացմանը նպաստում է վրացի արտադրողների մասնակցությունը Դուբայում և Աբու Դաբիում անցկացվող ագրոարդյունաբերական և այլ միջազգային ցուցահանդեսներին»։