Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կմասնակցի Բաթումիում կայանալիք Սահմանադրական դատարանի լսումներին, որտեղ չորս այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ միասին կքննարկվի ընդդիմադիր կուսակցությունների արգելքի հարցը: Այս մասին հայտարարել է կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Իրակլի Պավլենիշվիլին։
«Սա վճռորոշ պայքար է Վրաստանի համար», — ասել է Պավլենիշվիլին, ով գնահատել է, որ ընթացող դատական գործընթացները վերաբերում են ոչ միայն քաղաքական կուսակցությունների արգելքին, այլև Վրաստանի պետականությանը։
Նրա խոսքով՝ «Միացյալ ազգային շարժումը» պատրաստ է համագործակցել այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ և մասնակցել բողոքի ակցիաներին: Պավլենիշվիլին կոչ է արել քաղաքացիներին հավաքվել Բաթումիում՝ Սահմանադրական դատարանի մոտ, դատական լսումներին զուգահեռ։
«Մենք լիովին պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական խմբերի, բոլոր կուսակցությունների հետ, քանի որ պետք է միասնական լինենք պայքարում», — ասել է նա։
Հոկտեմբերի 15-ին «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ բանտում գտնվող Լևան Խաբեիշվիլին, խնդրել է իրեն տեղափոխել Բաթումի՝ դատական լսումներին մասնակցելու համար։