Ռուսթավիում անտուն շան մոտ կատաղություն է հաստատվել

Ռուսթավիում անտուն շան մոտ կատաղություն է հաստատվել։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Սննդամթերքի ազգային գործակալությունը։

Սննդամթերքի ազգային գործակալության համաձայն՝ անհրաժեշտ է հայտնաբերել շան հետ շփում ունեցած անձանց։

«Սննդամթերքի ազգային գործակալությունը ծանուցում է ստացել Ռուսթավիից Թբիլիսիի կլինիկա տեղափոխված անտուն շան մասին, որը սատկել է։

Քաղաքացու պարզաբանմամբ՝ ինքը շանը գտել է հոկտեմբերի 8-ին, Ռուսթավի քաղաքի Լեոնիձեի զբոսայգում, որտեղից նույն օրը տեղափոխել է կլինիկաներից մեկը, իսկ հետո՝ մեկ այլ կլինիկա։ Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցում և լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվում կորած շան մասին։

Գյուղատնտեսության պետական լաբորատորիայում անցկացված հետազոտության արդյունքում շան ախտաբանական նյութում հաստատվել է «կատաղություն» հիվանդությունը (փորձարկման արձանագրություն №10367/1)։

Սննդամթերքի ազգային գործակալությունը կոչ է անում Ռուսթավի քաղաքի բնակչությանը՝ բոլոր նրանք, ովքեր սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ռուսթավի քաղաքի Լեոնիձեի զբոսայգում և հարակից տարածքում շփում են ունեցել սև գույնի շան հետ, որի վզի հատվածում պարան էր կապված, անհապաղ դիմեն հանրային առողջապահության համապատասխան ծառայություն կամ բժշկական հաստատություն՝ խորհրդատվության և հետագա քայլերը որոշելու նպատակով։

Գործակալության տեղեկատվությամբ՝ կատաղությամբ հիվանդ շան հետ շփում են ունեցել տասնյակ մարդիկ, այդ թվում՝ Ռուսթավիի և Թբիլիսիի կլինիկաների անձնակազմը (կլինիկաներ՝ «Զոոպլազա» – Թբիլիսի, Կոստավայի փողոց, «Վեթհաուս» – Միցկևիչի 70 և Ռուսթավի – «Վեթ Սիթի»), որոնք արդեն դիմել են բժշկական հաստատություն։ Նշված կլինիկաներում անցկացվել են ախտահանման աշխատանքներ և օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումներ»։