Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքներն ավելացել են

Այսօրվանից ճանապարհային երթևեկության կանոնների հետ կապված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել։

Խստացվել են պատժամիջոցներն այնպիսի խախտումների համար, ինչպիսիք են ամրագոտին չկապելը և արագության գերազանցումը։

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին տարիներին տրանսպորտային միջոցների քանակի և շարժունակության զգալի աճի պայմաններում ճանապարհային անվտանգությունը շարունակում է մնալ մարտահրավեր՝ չնայած ձեռք բերված առաջընթացին։

«Վրաստանում ամեն տարի ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվում կամ ստանում ծանր վնասվածքներ։ Միայն նախորդ՝ 2025 թվականին, Վրաստանում ավտովթարների զոհ է դարձել 469 մարդ, իսկ 8191 մարդ վնասվածքներ է ստացել։

Գործող պատժամիջոցների խստացումը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների համալիր վերլուծությամբ և Վրաստանի ճանապարհներին մահացության բարձր ցուցանիշով։

• Մինչև 100 լարի է բարձրացել տուգանքը ճանապարհին տրանսպորտային միջոցի մանևրման կանոնները խախտելու համար։ Այս իրավախախտման դեպքում նաև վարորդական իրավունքի շնորհած միավորների քանակը կնվազի 20 միավորով։

• 50-ից մինչև 100 լարի է բարձրացել պատժամիջոցը 15 կմ/ժ-ից ավելի, 40 կմ/ժ-ից ոչ ավելի արագությունը գերազանցելու համար։

• Մինչև 50 լարի է բարձրացել պատժամիջոցն ավտոմեքենայով շարժվելիս վարորդի կամ ուղևորի անվտանգության ամրագոտին չկապելու համար։ Այս իրավախախտման դեպքում վարորդական իրավունքի միավորները կնվազեն 10-ով։

• Մինչև 50 լարի է բարձրացել պատժամիջոցը ավտոմեքենա վարելիս վարորդի բջջային հեռախոսից օգտվելու համար։

• Կանգառի և կայանման կանոնների խախտման համար, Թբիլիսիի նման, մինչև 50 լարի է բարձրացել տուգանքի չափը Քութաիսիում, Բաթումիում, Մցխեթայում, Ռուսթավիում, Գորիում, Թելավիում, Փոթիում, Զուգդիդիում, Ախալցիխեում, Օզուրգեթիում և Վրաստանի առողջարաններում, նաև M3, N2, N3 կամ T կատեգորիայի տրանսպորտային միջոցների համար։

• Դրիֆտը, որին հաջորդել է գույքի կամ մարդու մարմնի թեթև վնասվածք, 500 լարի տուգանքի հետ մեկտեղ կհանգեցնի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցման 6 ամիս ժամկետով։ Ճանապարհային երթևեկության կանոնների կրկնակի խախտումը, որը հանգեցրել է վթարային իրավիճակի կամ խցանման ստեղծման, կառաջացնի տուգանք 300 լարիի չափով և վարորդական իրավունքից 30 միավորի նվազեցում։

• 500 լարի տուգանք է նախատեսված Թբիլիսիում ընդհանուր օգտագործման ավտոճանապարհին N2 և/կամ N3 կատեգորիայի տրանսպորտային միջոցի երթևեկության համար, եթե բեռնափոխադրման նշանակման վայրը Թբիլիսին չէ։

Որպես նոր իրավախախտում է սահմանվել տրանսպորտային միջոցի կանգառը կամ կայանումը մայթին կամ հետիոտնային անցման վրա, ինչը Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Մցխեթայում, Ռուսթավիում, Գորիում, Թելավիում, Փոթիում, Զուգդիդիում, Ախալցխայում, Օզուրգեթիում և/կամ Վրաստանի առողջարաններում կառաջացնի տուգանք 100 լարիի չափով, իսկ այլ մունիցիպալիտետներում՝ 10 լարիով։

Մայթով տրանսպորտային միջոցի երթևեկության համար սահմանվել է 200 լարի տուգանք, նաև խախտողի վարորդական իրավունքից կնվազի 30 միավոր։

Փոփոխությունները նախատեսում են նոր արգելող նշան՝ «Կանգառն արգելված է հրշեջ հիդրանտի մոտ»։ Նշանն արգելում է հրշեջ հիդրանտի մոտ տրանսպորտային միջոցի և՛ կանգառը, և՛ կայանումը։ Նշված պահանջի չկատարումը կառաջացնի անձի տուգանում 200 լարիի չափով, նաև հնարավոր է տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ պահպանվող կայանատեղի։

Նորովի են սահմանվել «BUS LANE»-ով երթուղային տրանսպորտային միջոցից բացի այլ տրանսպորտային միջոցների երթևեկության հարցերը

• «BUS LANE»-ով երթևեկությունը, գործող 100 լարի տուգանքի հետ մեկտեղ, հավելյալ կառաջացնի վարորդական իրավունքի 15 միավորի նվազեցում, իսկ արարքի կրկնության համար նախատեսված է տուգանք 150 լարիի չափով և վարորդական իրավունքի 30 միավորի նվազեցում։

• Ընդհանուր հոսքին հակադիր ուղղությամբ կազմակերպված «BUS LANE»-ով երթևեկությունը, կանգառը կամ կայանումը կառաջացնի տուգանք 200 լարիի չափով և վարորդական իրավունքի 20 միավորի նվազեցում, իսկ արարքի կրկնության համար նախատեսված է տուգանք 300 լարիի չափով և վարորդական իրավունքի 30 միավորի նվազեցում»,- նշված է հաղորդագրության մեջ: