Մոսկվան մանկական խաղեր չի խաղում․ Լավրով

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխարհի մի շարք երկրներից ռուս դիվանագետների վտարումը համեմատել է մանկական խաղերի հետ՝ նշելով, որ Մոսկվան չի ցանկանում մասնակցել Արևմուտքի երկրների սկսած խաղերին:

«Ինչպես մանկության տարիներին էինք ասում, ով առաջինն է սկսել, նա էլ պետք է դադարեցնի: Չենք ցանկանում մանկական խաղերին խառնվել, սակայն մեր գործընկերներն առայժմ միայն դրանով են զբաղված»,-հայտարարել է Լավրովը:

Նրա խոսքով, մտացածին պատճառներով դիվանագետներին արտաքսելու փաստերը նվազեցնում են երկխոսության հնարավորությունները։

«Թե որքան հեռու կգնա այս ամենը, մենք չգիտենք, որովհետև այն մեզանից կախված չէ»,-հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարը:

Հիշեցնենք՝ Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած քիմիական հարձակումից հետո, երբ ծանր թունավորում էին ստացել Ռուսաստանի ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան, ռուս դիվանագետներին վտարելու որոշում է կայացրել ավելի քան 28 երկիր՝ ընդհանուր առմամբ վտարելով 150 ռուս դիվանագետի։

Նյութի աղբյուրը՝ interpressnews.ge

 

Թողնել պատասխան