Թբիլիսին «Խաղաղության քաղա՞ք». կարծիքներ

Թբիլիսիի 2022 թվականի ամանորյա կարգախոսի՝ «Խաղաղության քաղաք»-ի վերաբերյալ կարծիքները կիսվում են: Վերլուծաբանների մի մասը կարծում է, որ Թբիլիսին հիրավի խաղաղության քաղաք է, մյուս մասն էլ ընդգծում է հարևան և բարեկամ Ուկրաինայում ընթացող պատերազմը՝ նշելով, որ Թբիլիսիի այս նախաձեռնությունը համերաշխության մասին չէ:

Հատկանշական է, որ Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ քաղհասարակության մեծ մասը ևս քննադատում է կարգախոսն ու պահանջում փոխել այն:

Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է՝ երբ Ուկրաինայում պատերազմ է, անհնար է խոսել խաղաղության և առհասարակ խաղաղության քաղաքի մասին:

Վերլուծաբան Զաալ Անջափարիձեի խոսքով, Թբիլիսին պետք է միշտ խաղաղության քաղաք լինի: Վերլուծաբանը դրական է գնահատում Թբիլիսի վարած քաղաքականությունը:

«Այո, ես ուզում եմ, որ Թբիլիսին միշտ լինի խաղաղության քաղաք և չտեսնի պատերազմ և զոհեր։ Մենք բավականաչափ տեսել ենք վերջին 30 տարում։

Եթե ոմանք ​​սիրում են սև ժապավեններ, թող կախեն դրանք իրենց տներում»,- նշում է վերլուծաբանը:

Ընդդիմադիր «Լելո» կուսակցությունից Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Սաբա Բուաձեի խոսքով, «Վրացական երազանքի» համար Թբիլիսին խաղաղության քաղաք է, «փող գողանալու խաղաղ քաղաք», հանգիստ կոռումպացնելու և թաքցնելու քաղաք. «նրանք հանգիստ հսկում են այդ քաղաքը և երկրի ապագան»:

«Ինչ խաղաղության մասին կարող է լինել խոսքը, երբ օկուպացիոն ուժերը (նկատի ունի ռուսական- խմբ.) կանգնած են Թբիլիսիից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Մենք չենք կարող այս պահին խոսել խաղաղության մասին, դա ինքնախաբեություն է»,- ասել է Բուաձեն:

Քաղաքային իշխանությունները տարածաշրջանային պատերազմական լարված իրավիճակի համատեքստում Թբիլիսին հռչակեցին «Խաղաղության քաղաք»՝ նշելով, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և դա բոլորի միասնական ցանկությունն է։

Ընդգծենք, որ Թբիլիսիի Ազատության հրապարակում՝ այսօր՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա բողոքի ցույց՝ «Խաղաղության քաղաք» կարգախոսի փոփոխության պահանջով։

Ի դեպ, նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Թբիլիսիի ամանորյա գլխավոր կարգախոսը լինելու է «Խաղաղության քաղաք»։ Քաղաքապետարանը նույն մակագրությունը տեղադրել է Ազատության հրապարակի տոնածառի մոտ:

Հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիների հավաքվել էին՝ բողոքելով Թբիլիսիի ամանորյա «Խաղաղության քաղաք» կարգախոսի դեմ: Նրանց կարծիքով՝ Վրաստանի մայրաքաղաքում այս կարգախոսը գրելն անընդունելի է, երբ ռմբակոծում են Կիևը։