Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 9

Վրաստանի տեխնիկական զննման կենտրոնների միության նախագահ Գիորգի Շիոլաշվիլին հայտնել է, որ մեքենայի կրկնակի տեխզննում անցկացնելը, հավանաբար, վճարովի կդառնա 2023 թվականի փետրվարից:

Վրաստանի վարչապետի Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար Ուկրաինա կուղարկվեն գեներատորներ:

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ Ուկրաինայում զոհված վրացի զինվորների լուսանկարները Ազատության հրապարակից և ապրիլի 9-ի հուշահամալիրից ժամանակավորապես տեղափոխվել են Հերոսների հրապարակ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Bloomberg ֆինանսական համակարգի գլոբալ տնօրեն Թոդ Բայերի հետ:

ՄԱԿ-ի կանանց կազմակերպության և Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության ժամանակի օգտագործման մասին հարցման համաձայն, Վրաստանում կանայք 5 անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում չվճարվող ընտանեկան աշխատանքի վրա, քան տղամարդիկ:

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է ամանորյա տոնածառ գնել պարզեցված եղանակով։

Վրաստանի պարենի ազգային գործակալությունը 1 166 կիլոգրամ ոչ պիտանի ձուկ է առգրավել։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ծավալը 2022 թվականի երրորդ եռամսյակում հասել է 745,3 մլն դոլարի, ինչը երկու անգամ գերազանցում է 2021 թվականի երրորդ եռամսյակի վերջնական տվյալները։

Վրաստանի խորհրդարանի Շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մայա Բիտաձեն Բալթյան-Եվրասիա միջխորհրդարանական ինստիտուտի ներկայացուցիչների հետ մասնակցել է Վիեննայում կայացած էներգետիկ անկախության և էներգետիկ անվտանգության հարցերով լիագումար հանդիպմանը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ուղղակիորեն չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը Վրաստանի և Ուկրաինայի ընդհանուր թշնամին է։

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Նինո Լոմջարիան «գործնականում ամեն ինչ էր, բացի հանրային պաշտպանից»։