Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են 101 տոկոսով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ծավալը 2022 թվականի երրորդ եռամսյակում հասել է 745,3 մլն դոլարի, ինչը երկու անգամ գերազանցում է 2021 թվականի երրորդ եռամսյակի վերջնական տվյալները։

Ըստ Geostat-ի՝ 2022 թվականի ընդհանուր 9 ամիսների արդյունքներով ՕՈւՆ-ի չափը կազմել է 1,67 մլրդ դոլար, ինչը 101 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Geostat-ի փոխանցմամբ՝ երրորդ եռամսյակում 745 մլն դոլարից 446 մլն դոլարը գոյացել է վերաներդրումներից, սեփական կապիտալում ներդրումները կազմել են 226 մլն դոլար, իսկ պարտքային պարտավորությունները՝ 72,4 մլն դոլար։

Նույն ժամանակահատվածում՝ ամենաուղիղ օտարերկրյա ներդրումները կատարվել են անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում և կազմել 265,3 մլն դոլար, որը կազմում է ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 35,6 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցնում է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ 159,0 մլն դոլարով՝ 21,3 տոկոս, երրորդ տեղում է արվեստի, զվարճանքի և հանգստի ոլորտը՝ 143,2 մլն.  դոլարով՝ 19,2 տոկոս:

«Երրորդ եռամսյակում ներդրումների ծավալով առաջին տեղում է Իսպանիան՝ 165,9 մլն դոլարով, որը կազմում է ՕՈւՆ-ի 22,3 տոկոսը, երկրորդ տեղում է Միացյալ Թագավորությունը՝ 122,9 մլն դոլարով՝ 16,5 տոկոս, իսկ երրորդ տեղում Իռլանդիան է՝ 120,3 մլն դոլարով՝ 16,1 տոկոս: 10 խոշորագույն ներդրող երկրների բաժինը կազմում է ներդրումների ընդհանուր ծավալի 86,5 տոկոսը»,- նշված է տարածված հաղորդագրությունում: