Վրաստանը կլիմայի փոփոխության մասին օրենք կընդունի

Վրաստանի խորհրդարանի Շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մայա Բիտաձեն Բալթյան-Եվրասիա միջխորհրդարանական ինստիտուտի ներկայացուցիչների հետ մասնակցել է Վիեննայում կայացած էներգետիկ անկախության և էներգետիկ անվտանգության հարցերով լիագումար հանդիպմանը։

Բիտաձեն նշել է, որ Վրաստանը կլինի Եվրոպայում այն երկրներից մեկը, որը կմշակի կլիմայի փոփոխության մասին օրենք․

«Մեծ պատիվ է լինել այն երկրներից մեկը Եվրոպայում, որը կմշակի կլիմայի փոփոխության մասին օրենքը, և կստեղծվի խորհրդարանական մեխանիզմ՝ վերահսկելու կլիմայի փոփոխությանը հարմարվողականությունը և էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը»։

Հանդիպմանը Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում մտքեր են փոխանակվել էներգետիկ ոլորտում առկա մարտահրավերների շուրջ։ Նիստի ընթացքում քննարկվել են ավելի մատչելի, անվտանգ և կայուն էներգիա ապահովելու համատեղ գործողությունները։