Գախարիան բաց նամակով դիմել է ԵՄ-ին՝ Վրաստանին աջակցելու համար

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան բաց նամակ է հղել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերին և հանձնաժողովի անդամներին՝ խնդրելով Վրաստանին աջակցել Եվրամիությանն անդամակցելուն։ 

Գախարիան նշել է, որ թեև Վրաստանը լիովին չի բավարարում Եվրամիության պահանջներին, այնուամենայնիվ, արժանի է Եվրամիության անդամ լինելու հնարավորությանը։ 

«Ես այսօր ձեզ դիմում եմ որպես Վրաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր կուսակցության առաջնորդ և Վրաստանի սովորական քաղաքացի։ Գրելով այս խոսքերը՝ ես տոգորված եմ հարգանքով ուկրաինացի ժողովրդի և նրա կառավարության հանդեպ։ Այսօր Ուկրաինան պաշտպանում է ոչ միայն իր ազատությունն ու արժանապատվությունը, այլ նաև մեր բոլորի ազատությունը, իրավունքները»,- նամակում գրել է Գախարիան։ 

Գախարիան է նշել, որ Ուկրաինան բոլորին հնարավորություն է տվել գործելու սեփական արժեքներին համապատասխան և պաշտպանելու այն, ինչ կարծում են, որ լավ է բոլորի համար. 

«Այսօր շրջադարձային է, և մենք դիմում ենք ձեզ, որ օգտագործեք այս հնարավորությունը և մեզ՝ Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային տվեք քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու իրավունք, կանոնների վրա հիմնված միասնություն։ Բացեք եվրոպական հեռանկարը և ավարտեք եվրոպական ժողովրդավարությունների միավորման գործընթացը։ Մենք կատարյալ չենք, ես այս դեպքում խոսում եմ Վրաստանի մասին, այնուամենայնիվ, մենք արժանի ենք ավելի լավը դառնալու հնարավորության։ Եվրախորհրդարանը միշտ աջակցել է ԵՄ բաց դռների քաղաքականությանը»։ 

Ըստ Գախարիայի՝ 2008-ին Վրաստանը պատժվեց եվրոպական և եվրատլանտյան ընտրության համար, այսօր պատժված է Ուկրաինան։ 

«Ի տարբերություն 2008-ի, այսօր ամբողջ աշխարհը համախմբվել է չարի դեմ։ Ի տարբերություն այն ժամանակվա, այսօր աճում է այն ընկալումը, որ Ռուսաստանը մարտահրավեր է նետում սառը պատերազմից հետո ստեղծված անվտանգության ճարտարապետությանը և, հետևաբար, սպառնում է բոլորին, ոչ միայն իր անմիջական հարևաններին: Ուկրաինացի ժողովրդի անձնազոհությունը ոգեշնչման աղբյուր է բոլորիս համար։ Եվրոպայի իրական հաղթանակը կլինի մեր երկրների ժողովրդավարացումը և վերափոխումը Ռուսաստանի սահմանների երկայնքով»,-նամակը եզրափակել է Գախարիան։