Վրաստանի խորհրդարանի անդամներն արյուն կհանձնեն Ուկրաինայի համար

Վրաստանի խորհրդարանի անդամները որոշել են արյուն հանձնել ու այն նվիրաբերել Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվածներին։ 

«Այսօր ոչ միայն Ուկրաինան, այլ ողջ աշխարհն իրական վտանգի տակ է։  Ռուսական ագրեսիան հատել է բոլոր սահմանները։ Վրաստանից հետո այս ագրեսիայի զոհն է այսօր Ուկրաինան։ Արդեն մի քանի օր է, ինչ ուկրաինացի ժողովուրդը հերոսաբար կռվում է։ Այսօր աշխարհը միասնական է, և ես հավատում եմ, որ դա անպայման արդյունք կտա»,- ասել է խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Դիմիտրի Խունդաձեն։ 

Խունդաձեն նաև դիմել է առողջապահության նախարարությանը՝ ամբողջ հանրապետությունում արյան դոնորության կետեր կազմակերպելու համար։ 

«Ցանկանում եմ տոկունություն և հաղթանակ ուկրաինացի ժողովրդին՝ ազատության համար մղվող պայքարում։ Վրաստանը կանգնած է նրանց կողքին և կլինի այս ողջ գործընթացի մասնակիցը»,- եզրափակել է Խունդաձեն։