Կախեթիում պատվաստումների մարաթոնի շրջանակներում պատվաստվել է մեկ հղի և մեկ 100-ամյա կին

Կախեթիի շրջանի Մանավի գյուղում պատվաստումների մարաթոնի շրջանակներում պատվաստվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ մեկ հղի և մեկ 100 տարեկան կին: Հայտնում են Վրաստանի առողջապահության նախարարությունից։ 

Նշվում է, որ պատվաստումային մարաթոնը ներկայումս անցկացվում է Կախեթիի երկու գյուղերում՝ Մանավիում և Պատարձուլիում: 

«Շարունակում ենք պատվաստումների մարաթոնը Կախեթիում: Ընտրել ենք այն գյուղերը, որտեղ պատվաստման մակարդակը ցածր է: Այս գործընթացում ընտանեկան բժիշկների և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավումը շատ կարևոր է` քաղաքացիներին ճիշտ տեղեկատվություն տրամադրելու համար: Առողջապահության նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման կենտրոնը մշտապես հետևելու են գործընթացներին», — ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն՝ վստահություն հայտնելով, որ պատվաստումների մարաթոնը կունենա դրական արդյունքներ, և պատվաստումների տեմպը էլ ավելի կբարձրանա։ 

Ըստ նախարարության՝ քաղաքացիները կարող են COVID-19-ի դեմ պատվաստանյութը ստանալ հատուկ նշանակված շարժական դիսպանսերում ՝ առանց գյուղից հեռանալու, առանց նախնական գրանցման: 

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ քարոզարշավի առաջին օրը պատվաստվել է 120 մարդ, իսկ երեկ՝ 300 մարդ։ 

«Այստեղ շատ փորձառու բժիշկներ ու բուժքույրեր կան:  Ինչպես գիտեք, Կախեթիում դեպքերի աճ է նկատվում, և միայն զանգվածային պատվաստումներն են կանգնեցնելու այս վիճակը», — ասել է Ամիրան Գամկղրելիձեն: 

Նախագծի հեղինակներն են Օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների ու Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունները, Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը և Պետական ​​բժշկական հոլդինգը:  

Գերատեսչությունից նաև հայտնում են, որ տեղեկատվական հանդիպումների ընթացքում բնակչությանը տրամադրվում են կրթական նյութեր: 

Նախագծին աջակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Վրաստանում ԵՄ պատվիրակությունը, Վրաստանում ՄԱԿ-ի պատվիրակությունը և ՄԱԿ -ի զարգացման ծրագիրը (UNDP):

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր