Նոյեմբերի 17-18-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դաշնակիցների հետ կապերն ամրապնդելու համար այցելեց Վրաստան: Այցի ընթացքում նա հանդիպեց Վրաստանի պաշտոնատար անձանց՝ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա Երկրորդի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ-ի պետքարտուղարության՝ Պոմպեոյի այցի մասին հայտարարությունից հետո և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում տարբեր վերլուծաբաններ այցը կապում էին Ղարաբաղի հակամարտության և նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված հրադադարի հետ:
Պոմպեոյի՝ Վրաստան կատարած այցն արդեն իսկ ավարտվել է: Վրաստանում ԱՄՆ պետքարտուղարը առանձնահատուկ շեշտեց ներքաղաքական իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը՝ ցույց տալով, որ Կովկասում Ամերիկայի դաշնակցի ներքաղաքական անկայուն իրավիճակը այնքան էլ հաճելի չէ: Այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Պորտուգալիայում և Կիպրոսում Վրաստանի գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար, նախկին դիվանագետ, GIPA (Georgan Institute Of Public Affairs) համալսարանի դասախոս Գիա Ջափարիձեն:
«Պոմպեոյի այցը որոշվեց վերջին րոպեին, ինչպես հաստատում են Պետդեպարտամենտում: Ակնհայտ էր, որ այցը նախապատրաստված չէր: Դա հաստատվում է կարճատև հանդիպումներով. տեղի ունեցան ընդամենը 10-15 րոպեանոց դիվանագիտական ողջույններ և կարճատև խոսքի փոխանակում», — ասում է Գիա Ջափարիձեն՝ հավելելով, որ «Ղարաբաղյան իրադարձություններից հետո փոխված իրավիճակի համատեքստում, այցի փաստն ինքնին ուղերձ է բոլոր ուղղություններով, որ ամերիկյան հետաքրքրությունը Վրաստանի և տարածաշրջանի նկատմամբ առկա է և չի պակասել»:
«Ֆրանսիա-Թուրքիա-Վրաստան-Իսրայել: Սա տարածաշրջանային տուրնե չէր, սա հստակ ուղերձ էր: Նշան էր նաև որ ոչ թե Թուրքիա-Իսրայել, այլ Թուրքիա-Վրաստան-Իսրայել», — ասում է Գիա Ջափարիձեն և անդրադառնում Կովկասի ներկայիս իրավիճակին:
«Եռակողմ համաձայնագրով շատերը կարդացին, որ Կովկասը մեծամասամբ անցավ ռուսական կառավարման տակ, Ռուսաստանը հստակ քայլ արեց, դե իսկ Միացյալ նահանգները ցույց է տալիս իր ներկայությունը», — ասում է դիվանագետը:
ԱՄՆ-ի հետընտրական շրջանին բնութագրող քայլերից է պետքարտուղարի կամ այլ պաշտոնյայի այցը, երբ մեկ այցով պաշտոնյան ծանոթանում է իրավիճակին, ներկայացնում դեռ գործող կառավարությանը և նաև արդեն ընտրված վարչակազմին:
«Սա զեկույց էր Միացյալ նահանգների ներկայիս իշխանության և արդեն իսկ Բայդենի վարչակազմի համար: ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ անտարբեր չէ տարածաշրջանի նկատմամբ: Հիմնականում սա բնորոշ քայլ է, երբ Միացյալ նահանգները հստակեցնում է իր արտաքին քաղաքականությունը, պաշտպանության ոլորտը և հետագա ուղղությունները», — «Ալիքի» հետ զրույցում նշում է Գիա Ջափարիձեն:
ԱՄՆ պետքարտուղարը այսօր արդեն մեկնել է՝ ավարտելով իր վրաստանյան այցը և Վրաստանում դեռևս թողնելով իր օգնական Ֆիլիպ Ռիքերին, որն ավելի լավ է հասկանում Վրաստանի ներքաղաքական իրավիճակը: Ռիքերն արդեն հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ, նախատեսվում են այլ հանդիպումներ ևս: