Աբխազական կողմը «Թալիբան»-ի հետ քննարկել է անվտանգության հարցեր

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտնել է, որ Ռուսաստանում հավատարմագրված Աֆղանստանի դեսպանատան պատվիրակությունը ժամանել է Սոխումի՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության, Աֆղանստանում հումանիտար իրավիճակի և Աբխազիայի հետ համագործակցության ընդլայնման հարցերը։

Դե ֆակտո ԱԳՆ-ն նշել է, որ աբխազական պատվիրակությունը կմեկնի Քաբուլ՝ կողմերի միջև երկխոսությունն ընդլայնելու նպատակով։

Հարկ է նշել, որ «Թալիբան»-ը, որը 20-ամյա պատերազմից հետո տապալեց Արևմուտքի աջակցությունը վայելող կառավարությանը, պաշտոնապես ճանաչված չէ որևէ երկրի կողմից։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը պաշտոնապես չի ճանաչում Աֆղանստանում «Թալիբան»-ի իշխանությունը, Աֆղանստանի մայրաքաղաքում դեռ գործում է Ռուսաստանի դեսպանատունը, և հակառակը՝ Ռուսաստանում Աֆղանստանի դեսպանատունը։

Նաև Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող «Թալիբան»-ը ժամանակավոր պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ, ըստ որի` Աֆղանստանը կարող է բենզին, դիզվառելիք, գազ ու ցորեն գնել Ռուսաստանից։