Աբխազիան ճանաչել է Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը

Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունը ճանաչել է Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը։ 

Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման վերաբերյալ Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի ուղերձում ասվում է, որ աբխազ ժողովուրդը, հանուն արդարության և արժանապատիվ կյանքի, անցել է նույն պայքարը, ինչ Դոնեցկի և Լուգանսկի ժողովուրդները։

Բժանիան ողջունում է Ռուսաստանի որոշումը՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին։

«Ռուսաստանի անվտանգությունը մեր անվտանգությունն է»,- ասել է Բժանիան։

Ասլան Բժանիայի խոսքով՝ ինքը կառավարությանը հանձնարարել է Դոնեցկի ու Լուգանսկի հետ բարեկամության ու փոխաջակցության պայմանագրեր պատրաստել ու նրանց հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել։

Աբխազիան որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի շրջանների անկախությունը։ Ուկրաինայի երկու շրջանները որպես անկախ ճանաչել է նաև Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունը։

———————————————————————————————————————Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ 

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։