Ադրբեջանական կողմը ռազմական բազա է կառուցել Գարեջիի տարածքում. Քացարավա

«Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հուլիսի 22-ին Դավիթ Գարեջիում տեղի ունեցած զարգացումներին:

Նրա խոսքով ադրբեջանական կողմը Գարեջիի լեռան ստորոտին ռազմական բազա է կառուցել, որը լի է զինվորականներով:

Քացարավան հայտնել է, որ հուլիսի 14-ի միջադեպից անցել է 8 օր, սակայն ճանապարհը դեռ փակ է ադրբեջանցի սահմանապահների կողմից: Նրա խոսքով վրացի սահմանապահները 10 անգամ պակաս են ադրբեջանցի սահմանապահներից:

Շարժման առաջնորդն իր գրառման մեջ անդրադառնում է նաև սահմանազատման հարցով վրաց-ադրբեջանական միջպետական հանձնաժողովին, որը պետք է որոշի նաև համալիրի ճակատագիրը: Նրա խոսքով, դեռ դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունը չի ավարտվել, սակայն ադրբեջանական կողմը պաշտոնատար անձանց միջոցով հայտարարություններ է տարածում, որ Գարեջին Ադրբեջանի տարածքն է:

Քացարավան իր էջում հրապարակել է մի քանի լուսանկար որտեղ երևում է զինվորական բազաներ և զինվորականներ: