Աղքյորփիում և Խոժոռնիում ներքին ճանապարհներ կվերականգնվեն

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Աղքյորփի և հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղերում 2024 թվականին ներքին ճանապարհներ կվերականգնվեն:

Աղքյորփի գյուղի ներքին ճանապարհների վերականգման աշխատանքների համար Մառնեուլիի քաղաքապետարանը հատկացրել է 281 հազար 538 լարի և 68 թեթրի, իսկ Խոժոռնի գյուղի ներքին ճանապարհների վերականգնման աշխատանքներ համար՝ 435 հազար 549 լարի և 42 թեթրի:

Բացի այս երկու գյուղերից Մառնեուլիի քաղաքապետարանը 2024 թվականի ընթացքում շրջաններում իրականացվելիք ծրագրերի հիմնադրամի ֆինանսավորմամբ նախատեսում է ևս 7 գյուղերի ճանապարհներ վերականգնել: Ընդհանուր առմամբ, Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 2024 թվականին ենթակառուցվածքային նախագծերի վրա ծախսել 21 մլն 580 հազար 300 լարի։

Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային վարչության պետ Կոբա Չխիտունիձեի խոսքով, այսօրվա տվյալներով Մառնեուլիի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեն կազմում է 60 մլն 050 հազար լարի: