Աղմուկ «Իբերիա» հեռուստաընկերության շուրջ․ հիմնադիրը հեռացել է կուսակցությունից

«Իբերիա» հեռուստաալիքի հիմնադիր Նատո Չխեիձեն հեռացել է Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության շարքերից։ Կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին ասել է՝ իր համար անհասկանալի է Չխեիձեի որոշումը, որի մասին լրատվամիջոցներից է տեղեկացել։

«Չէի սպասում նման որոշում, չգիտեմ, որն է դրա իրական պատճառը: Կուսակցությունում 2 տարի համատեղ գործունեության ընթացքում երբևէ տարաձայնություններ չենք ունեցել: Նորմալ, ջերմ, գործնական և ընկերական հարաբերություններ ենք ունեցել: Վաղը կհանդիպեմ Նատոյի հետ՝ զրուցելու այդ թեմայի շուրջ»,-հայտարարել է Իրմա Ինաշվիլին:

Նատո Չխեիձեն ղեկավարում է «Իբերիա» հեռուստաընկերությունը, որը վերջին շրջանում ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Հեռուստաընկերության ղեկավարությունը պնդում է, որ իշխանությունները ճնշում են գործադրում լրատվամիջոցի սեփականատեր հանդիսացող «Օմեգա գրուպի» բիզնեսի վրա՝ փորձելով սահմանափակել խոսքի ազատությունը։

Ֆինանսների նախարարը հերքել է հնչած մեղադրանքները՝ հայտարարելով, որ «Օմեգա գրուպը» ավելի քան 50 մլն լարի հարկային պարտք ունի, որը վճարելու ցանկություն չունի, ուստի և հեռուստաընկերությունն օգտագործում է սպառնալիքների նպատակով:

«Իբերիայի» և «Օմեգա գրուպի» հարցին սեպտեմբերի 12-ին արձագանքել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Նա նշել է, որ ֆինանսների նախարարությունը և եկամուտների ծառայությունը պատժամիջոցներից փորձել է զերծ մնալ: Բախտաձեի խոսքով, լրատվամիջոցը 11 անգամ զգուշացում է ստացել, իսկ պարտքերն ավելացել են: