Վրաստանի ներքին գործերի նախարարության Գլխավոր տեսչության աշխատակիցները, դատավորի որոշման հիման վրա, կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալել են 1975 թվականին ծնված Ռ.Դ.-ին։
Գերատեսչության հաղորդմամբ՝ հանցագործությունը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։
«Քննությամբ պարզվել է, որ Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի Բաթումիի քաղաքային վարչության աշխատակից Ռ.Դ.-ն ընդհանուր առմամբ 1000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ անձնական տվյալները ՆԳՆ տեղեկատվական բազայում ստուգելու և դրանք քաղաքացի Ռ.Կ.-ին ապօրինի փոխանցելու դիմաց։
Ձերբակալության ժամանակ Ռ.Դ.-ն, տեսնելով Գլխավոր տեսչության աշխատակիցներին, փորձել է փախչել իր մեքենայով, ինչի ընթացքում վթար է տեղի ունեցել։
Դրանից հետո նա թողել է մեքենան և փորձել ոտքով փախչել, և այդ պահին իրավապահները նրան ձերբակալել են։
Ռ.Դ.-ի անձնական խուզարկության ժամանակ գումարի մի մասը՝ 500 ԱՄՆ դոլարը, հայտնաբերվել է որպես իրեղեն ապացույց։
Քննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասով` կաշառակերություն», — ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։