Ալան Գագլոևը քարտեզագիրներ է փնտրում

Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը քարտեզագիրներ է փնտրում, բայց քանի որ Հվ. Օսիայում մասնագետներ չկան, պետք է հրավիրեն Մոսկվայից, գրում է RadioTavisupleba-ն:

Տեղեկության համաձայն, Ռուսաստանից վերադարձած Գագլոևն անցած շաբաթվա վերջին Հվ. Օսիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Վրաստանի հետ պետական ​​սահմանի ստեղծումը» սկսում են միակողմանիորեն։ Գագլոևը լրագրողների հետ ամփոփել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները։ Նա ներկայացրել է Ռուսաստանի հետ տնտեսական, պաշտպանական ու անվտանգության հարցերում համագործակցության խորացման և, այսպես կոչված, սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի եզրակացությունը:

«Վստահ եմ, որ եթե ոչ այսօր կամ վաղը, ապա կգա այդ ժամանակը, երբ մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի միասին որոշենք մեր պետական ​​սահմանը Վրաստանի հետ, ինչպես որ որոշեցինք պետական ​​սահմանը Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Գագլոևը։

Դե ֆակտո հանրապետության խորհրդարանի պատգամավոր, այսպես կոչված`  սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի նախագահ Գարի Մուլդարովը մարտի 22-ին Facebook-յան գրառմամբ տեղեկացրել է, որ հանձնաժողովն ավարտել է աշխատանքը և փաստաթղթերն ուղարկել փաստացի նախագահին։

Ասուլիսում Գագլոևը նաև ասել է, որ արդեն իսկ անհրաժեշտ է մասնագետներ գտնել, որոնք հանձնաժողովի ստեղծած փաստաթղթերի հիման վրա կպատրաստեն քարտեզը։ Գագլոևը խոստովանել է, որ ներկայումս Վրաստանի հետ հարաբերություններ չկան, «պետական ​​սահման» չկա, և այդ հարցում աշխատանքները դեռ նոր են սկսվում։