ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Լաշա Խուցիշվիլիին

Վրաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալան Պերսելը հանդիպել է «Վրացական երազանք»-ի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիին։

Դեսպանատան հաղորդմամբ՝ դեսպանը Խուցիշվիլիի հետ «մի շարք խնդիրների հետ մեկտեղ քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերությունների, Վրաստանի տնտեսական զարգացման, Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հարցերը, և թե ինչպես կարող է Վրաստանն աջակցել Թրամփի վարչակազմի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղուն և այլն»։

Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ Խուցիշվիլին ամերիկացի դիվանագետին ներկայացրել է երկրի տնտեսական իրավիճակը և միջնաժամկետ կանխատեսումները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասի վերջերս Վրաստան կատարած այցին, և ընդգծվել է Մաքսային դեպարտամենտի արդյունավետ աշխատանքն ու կողմերի միջև համագործակցությունը՝ Վրաստանի մաքսային վերահսկողության փորձին ծանոթանալու գործում։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանում միջազգային պատժամիջոցների արդյունավետ կիրառման մեխանիզմներին, և նշվել են այս հարցում Մաքսային դեպարտամենտի ձեռնարկած ջանքերը։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանով անցնող տարանցիկ միջանցքների հարցերը, այդ թվում՝ միջազգային առևտրի խթանումը, Վրաստանի դերն այս գործընթացում, նաև համաձայնեցրել են համագործակցության հետագա քայլերը։