ԱՄՆ-ի զգուշացումն ուղղված է նաև Վրաստանին

ԱՄՆ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ-ի առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն նախազգուշական նամակ են տարածել պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի ու Բելառուսի փորձերի մասին, որտեղ խոսք կա նաև Վրաստանի մասին։

ԱՄՆ պետական ​​կառույցները նախազգուշացնում են ֆինանսական հաստատություններին` ցուցաբերել զգուշություն ապրանքների, գործարքների իրականացման ժամանակ։

Փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 28-ին, որն այսօրվա ասուլիսում ներկայացրել է «Ժամանակն է» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։

«ԱՄՆ-ի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցի և առևտրի նախարարության հրապարակած փաստաթղթում հստակ ասվում է, որ Վրաստանը, այլ երկրների հետ միասին, ծովային առևտրային միջանցիկ ճանապարհ է, որը Ռուսաստանն ու Բելառուսը օգտագործում են պատժամիջոցների տակ գտնվող բեռների փոխադրման նպատակով։

Սա տագնապալի տեղեկություն է, քանի որ փաստաթղթում խոսվում է Վրաստանի ծովային ճանապարհի միջոցով ագրեսոր պետության պատժամիջոցները շրջանցելու մասին»,- ասել է Խոշտարիան։

Ի դեպ, օրեր առաջ Բաթումիի նավահանգիստ է ժամանել թուրքական դրոշով «Էսենկա» նավը՝ բեռնված պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության նավթամթերքով։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմական գործողությունից հետո արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսական նավթի ու նավթամթերքների դեմ։