ԱՄՆ-ն անհանգստացած է Վրաստանում քաղաքական լարվածության աճով

Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդն ասում է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Վրաստանում քաղաքական լարվածությամբ և հույս ունի, որ գործընթացը բռնությունների չի վերածվի: Այս մեկնաբանությունը Ռուդն արել է Քութայիսիում «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից վերանորոգված 17-րդ հանրային դպրոց այցելելուց հետո:

«Ընդհանուր առմամբ, ես կասեի, որ Միացյալ Նահանգները անհանգստացած են այն աճող քաղաքական լարվածությամբ, որը մենք տեսնում ենք Վրաստանում: Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք, որ կկարողանանք աջակցել երկխոսությանը՝ իշխող կուսակցության և ընդդիմադիր կուսակցությունների միջև», — ասել է Էլիզաբեթ Ռուդը:

Ռուդն ասել է նաև, որ ԱՄՆ-ն աջակցում է քաղաքացիների հավաքվելու և խաղաղ ցույց անցկացնելու իրավունքին:

«Մենք իսկապես հավատում ենք, որ դա պետք է արվի միայն խաղաղ ճանապարհով և չպետք է վերածվի բռնության: Մենք նաև ակնկալում ենք, որ ոստիկանության պատասխանը կլինի տեղին», — ասել է դեսպանի պաշտոնակատարը: