ԱՄՆ-ն և ԵՄ-ն երկխոսության կոչ են անում

Վրաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատունը և Եվրամիության ներկայացուցչությունը կոչ են անում Վրաստանի իշխանություններին ու ընդդիմությանը՝ երկխոսություն սկսել՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու նպատակով։  Այս մասին ասված է  դիվանագիտական ներկայացուցչությունների՝ համատեղ հայտարարությունում։

Մասնավորապես նշված է, որ ամռանը ԱՄՆ-ն և ԵՄ-ն ընդունել են ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունը՝ որպես  «Վրաստանի ժողովրդավարության համար կարևոր քայլ, որին հաջորդեց քաղաքական կոնսենսուս և բոլոր կողմերի պարտավորություն՝ աշխատել այս ուղղությամբ»։

«Նախորդ հինգշաբթի այս գործընթացի՝ անսպասելի դադարելը ավելացրեց անվստահությունը և լարվածությունը՝ իշխող կուսակցության և մնացած քաղաքական ուժերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև։ Ստեղծված իրավիճակից ելնելով՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է անհապաղ աշխատանք սկսել՝ վստահության վերականգնման ուղղությամբ՝ կառավարության, ընդդիմություն ու հասարակական հատվածի՝ հանգիստ ու հարգալից երկխոսության հիմքով՝ բոլորի համար ընդունելի ուղի գտնելու նպատակով», — ասված է հայտարարությունում։

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև ընդդիմության ակցիային, որի ընթացքում հայտարարվել էր «խորհրդարանի շրջափակման» մասին։

«Մենք լիովին ընդունում ենք հավաքների և ազատ կամքի արտահայտման ժողովրդի իրավունքը, մենք բոլոր կողմերին կոչ ենք անում գործել ըստ օրենքի ու սահմանադրության՝ ի շահ պետության»։ 

Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու՝ օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են սկսվել,  միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։