ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգված է վրաստանյան զարգացումներով

ԱՄՆ Պետդեպարտամենտը խոր մտահոգություն է հայտնել Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալությունների և «Վրացական երազանք»-ի կառավարությանը քննադատող անձանց նկատմամբ հետապնդումների վերաբերյալ։

Formula-ի փոխանցմամբ, Պետդեպարտամենտը դատապարտել է նոր օրենքների փոփոխություններն իր քննադատների դեմ՝ այդպիսով սահմանափակելով խոսքի ազատությունը։

«Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանում հակաժողովրդավարական գործողությունների շարունակմամբ և սրմամբ, այդ թվում՝ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների կալանավորմամբ և քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ կառավարության գործողությունները քննադատող անձանց նկատմամբ նպատակային հետապնդմամբ։

Մենք լրջորեն մտահոգված ենք, որ Վրաստանն ընտրողաբար օգտագործում է վերջերս ընդունված օրենսդրությունը, այդ թվում՝ «Դրամաշնորհների մասին» օրենքում կատարված փոփոխությունները Վրաստանի կառավարության իրական կամ ենթադրյալ քննադատների դեմ` այդպիսով անհարկի սահմանափակելով խոսքի ազատությունը և քաղաքացիական հասարակության գործունեությունը», — Formula-ին ասել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։