Անկախ լրատվական կազմակերպությունները համերաշխություն են հայտնել «Ֆորմուլա» հեռուստաալիքի հաղորդավար, լրագրող Քեթա Ցիցքիշվիլիին. ոստիկանությունը նրան ձերբակալել է հոկտեմբերի 20-ին՝ ճանապարհը փակելու մեղադրանքով։ Դատավոր Կոբա Չագունավան նրան դատապարտել է 5-օրյա ազատազրկման։
«Հոկտեմբերի 20-ին «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Քեթա Ցիցքիշվիլին ձերբակալվեց ճանապարհի արհեստական փակման մեղադրանքով և դատապարտվեց 5-օրյա վարչական կալանքի։ Դատավոր Կոբա Չագունավան հաշվի չառավ, որ Քեթա Ցիցքիշվիլին 12-ամյա երեխայի մայր է և նրա նկատմամբ կալանքը կիրառեց «Վրացական երազանք»-ի մեկ օրում ընդունած պատժիչ օրենքների հիման վրա։
Անկախ լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչները Քեթա Ցիցքիշվիլիի կալանքը համարում են անօրինական ու լրատվամիջոցների վրա հարձակման ևս մեկ դրսևորում և իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում նրան»,- գրել են կազմակերպությունները։
Հիշեցնենք. երեկ «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող և հաղորդավար Վախո Սանաիան ևս ձերբակալվել է նույն մեղադրանքով և դատապարտվել 6-օրյա վարչական կալանքի։
Այս կալանքներին նախորդել է «Վրացական երազանք»-ի նախաձեռնած խոսքի և հավաքների ազատությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունների շտապ իրականացումը։
Հայտարարությունը ստորագրող կազմակերպություններից են Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան, Մեդիա ապրիլը, Ինդիգոն, Բաթումելեբի/Նեթգազեթին, Աջարիա Թայմսը և այլն։