Անվտանգության խորհուրդը չեղյալ է հայտարարվում. ընդդիմությունը բողոքում է

Նախագահական ընտրությունների ավարտից հետո Վրաստանում չեղյալ է հայտարարվելու նախագահին կից անվտանգության խորհուրդը: Փոխարենը նոր մարմին է հիմնվելու, որը ղեկավարելու է վարչապետը:

Ընդդիմությունը դեմ է այս մոդելին: Ընդդիմադիրների խոսքով, կարևոր է այդ մարմնի կազմը:

«Կարևոր է, թե ով կլինի այս մարմնում: Այս խորհուրդը պետք է գործուն լինի»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Սերգի Կապանաձեն:

«Միացյալ ազգային շարժումից» հայտարարում են, որ անվտանգության խորհրդի նոր մոդելի ղեկավարը պետք է լինի երկրի գլխավոր գերագույն հրամանատարը՝ նախագահը և չպետք է ենթարկվի կառավարությանը:

«Այս խորհրդի անդամների քաղաքական նշանակումը կթուլացնի երկրի կառավարումը»,- հայտարարել է ՄԱՇ-ի անդամ Ռոման Գոցիրիձեն:

Խորհրդարանական մեծամասնությունից չեն հաստատում տարածված լուրերը, որոնց համաձայն՝ նախագահը չի լինելու նշված խորհրդում:

«Չենք կարող ասել, նախագիծը խորհրդարան կմտնի ու նոր կսկսենք քննարկել»,-  հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Ակակի Զոիձեն: