Ապահովագրական ոլորտը կրկին պահանջում է ներդնել «կցված փաթեթներ»։
Ապահովագրական ընկերությունների ասոցիացիայի պարզաբանմամբ` անհրաժեշտ է վերանայել 2017 թվականին գործողության մեջ մտած կանոնակարգը, ըստ որի՝ մասնավոր առողջապահական ապահովագրություն գնելու դեպքում անձը զրկվում է պետական ապահովագրությունից։
Ասոցիացիայի ղեկավար Դևի Խեչինաշվիլին «BusinessPressNews»-ի հետ զրույցում նշել է, որ այս կարգավորումը բացասաբար է անդրադառնում ինչպես բիզնեսի, այնպես էլ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են ստանալ լիարժեք բժշկական ծառայություններ։
«Կցված փաթեթները մեր մեծ խնդիրն են, որը տարիներ շարունակ մնում է չլուծված։ Վրաստանի կառավարության սահմանած կարգի համաձայն՝ եթե անձը թոշակառու չէ, երեխա չէ, հաշմանդամություն ունեցող անձ չէ և այլն, այսինքն՝ աշխատունակ վրացի է, որն աշխատում է, բարիք ստեղծում երկրի համար և պահում ընտանիք, նրան հասնում է համընդհանուր առողջապահական ծրագիրը։ Հնարավոր է՝ նման մարդը որոշի, որ համընդհանուր ծրագրից զատ` իրեն անհրաժեշտ է այլ ծառայությունների ֆինանսավորում, և չի ցանկանում, որ այդ ծախսերը լինեն իր գրպանի հաշվին։ Եթե նման անձը ապահովագրություն է գնում, նա զրկվում է պետական ծրագրից։ Ստացվում է, որ առողջության ապահովագրություն գնելը պատժվում է համընդհանուր առողջապահական ծրագրին մասնակցության կորստով։
Սա շատ անարդար է և անարդյունավետ։ Մենք ասում էինք՝ չեղարկեք այս կարգավորումը, բոլորին հավասար հասանելիություն տվեք։ Լիարժեք ծառայություններ ստանալու նպատակով մասնավոր ապահովագրություն գնելու դեպքում նա կզրկվի պետականից։ Պատկերացրեք՝ անվճար ծառայություններն ընդհանրապես կչեղարկվեն։ Նա կորցնում է այն, ինչ իրեն հասնում է կառավարությունից, և թե ինչու՝ ոչ ոք չգիտի», — ասել է Դևի Խեչինաշվիլին։
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ ապահովագրական ընկերությունները պահանջում են, որ համընդհանուր առողջապահությունից օգտվող շահառուներին թույլ տրվի «կցել» մասնավոր ապահովագրություն, ինչպես դա արվում է քաղաքացիների որոշակի խմբերի (թոշակառուներ, երեխաներ, ուսանողներ) դեպքում։
Ապահովագրական վերահսկողության ծառայության 2025 թվականի առաջին 3 եռամսյակների տվյալներով՝ Վրաստանում մասնավոր բժշկական ապահովագրությունից օգտվում է բնակչության 21%-ը։ Հաշվետու ժամանակաշրջանի համար տրամադրվել է 782 հազար 35 վկայական։