Մայիսի 24-ի վրաստանյան մամուլի տեսություն

«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին հայտարարել է, որ Վրաստանում ֆիզիկական բռնությունը պետք է պատժվի:

Քումսիշվիլին հայտարարել է, որ աջակցում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությանը՝Վրաստանի տարածքում բռնությունների վերաբերյալ օրենսդրությունում պատիժները խստացնելու վերաբերյալ. «Խոսքը վերաբերում է ոչ միայն ընտրական տեղամասերին, այլեւ ֆիզիկական բռնությանը ընդհանրապես, ինչը այս երկրում պետք է խստագույնս պատժվի: Մեր մշակույթից պետք է վերացվի բռնությունը»,— հայտարարել է Քումսիշվիլին: Վարչապետի հանձնարարականով Արդարադատության նախարարության կողմից պատրաստված օրինագիծը` քաղաքական և ընտրական գործընթացների ժամանակ խմբային հանցագործության դեպքում նախատեսում է մինչև 4 տարվա ազատազրկում:

«Interpressnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին հայտարարել է, թե տարբերություն չի տեսնում Վրաստանի և ԱՄՆ-ի զինծառայողերի միջև, քանի որ Վրաստանի զինված ուժերը էական զարգացում են ապրել: Նա խոսել է նաև Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ և օրինակ բերել Վրաստանում տեղի ունեցած` «Վստահելի գործընկեր» զորավարժությունը. «Այս առավոտ, զորավարժությունները ինձ վրա մեծ տպավորություն թողեցին: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական անձնակազմի մասնակցությամբ զորավարժությունների ընթացքում, տարբերություն չէի տեսնում վրաստանցի և ամերիկացի զինծառայողների միջև: Սա Վրաստանի զինված ուժերի կատարելագործման ամենավառ օրինակներից է»,- հայտարարել է Յան Կելլին:

«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հայտարարել է, որ օրեր առաջ Խուրչա գյուղում տեղի ունեցած սպանության մեղավորները անպատիժ չեն մնա: «Նման ցինիզմի և դաժանության դրսեւորումով հանցագործությունը` դավադիր սպանությունը անպատիժ չի մնա: Հետաքննության շահերից ելնելով` չեմ կարող խոսել մանրամասների մասին»,- հայտարարել է Մղեբրիշվիլին: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին, ժամը 14:30-ի շրջանում, Զուգդիդիի Խուրչա գյուղում, զինված անձը հրազենից մահացու վիրավորել է Գալիի շրջանի Բարղեբի գյուղի բնակիչ Գիգա Օթխոզարիային:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ`  Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարել է, որ ընտրատեղամասերում քարոզչության, ընտրարշավի դեմ կիրառված բռնությունը կպատժվի քրեական օրենսգրքի համաձայն: Նախարարը նոր օրինագիծը կներկայացնի մայիսի 27-ի Կառավարության նիստին:

«Interpressnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի մեծամասնության անդամ Զազա Պապուաշվիլին հայտարարել է, որ «Սադրիչ ազգային-բոլշեվիկյան շարժումը պետք է դուրս գա քաղաքականությունից, քանի որ նրանց գոյության պայմաններում խաղաղությունը քիչ հավանական է: Պատգամավորի խոսքերով` Վրաստանի կառավարությունը փորձում է ընտրությունները խաղաղ ճանապարհով իրականացնել: Ընտրությունները, ինչպես նախկինում, պետք է խաղաղ ընթացք ունենան:

Սադրիչ ազգային բոլշեվիկյան շարժումը պետք է մեկընդմիշտ դուրս գա քաղաքական տարածքից: Գործը հասել է նրան, որ նույնիսկ փողոցում տեղի ունեցող վիճաբանությունների մեջ մեղադրում են Իվանիշվիլիին»,- հայտարարել է Զազ Պապուաղվիլին:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ`  Վրաստանի Սղնախի թատրոնը Կանադայում տեղի ունեցած Լիվերպուլի համաշխարհային թատերական փառատոնին 3 մրցանակի է արժանացել:

Թողնել պատասխան