«Երեխան կին չէ». հանրահավաք է նախատեսվում

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ի ժամը 20:00-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ «Երեխան կին չէ» նշանաբանով լուռ հանրահավաք տեղի կունենա։

Հանրահավաքը կազմակերպող «Նաամբոբի» վերարտադրողական կրթության կենտրոնից նշել են, որ ակցիայի նպատակն է համերաշխություն հայտնել Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետում սպանված 14-ամյա դեռահաս Աիթաջ Շախմարովային և աջակցել այն կանանց ու երեխաներին, որոնք դեռ բռնության են ենթարկվում։

Կազմակերպիչներն ընդգծել են՝ չնայած այն հանգամանքին, որ մանկապղծությունը, վաղ ամուսնությունը, ազատությունից ապօրինի զրկելը և սեռական բռնությունը հանցագործություններ են, դրանց մասին հասարակության որոշակի շրջանակներում չի խոսվում, տուժողները գերադասում են լռել, իսկ օրենքը պատշաճ կերպով չի կիրառվում։

«Սպասում ենք ձեզ խորհրդարանի մոտ՝ լուռ հանրահավաքին, որտեղ խորհրդանշականորեն հանրահավաքի մասնակիցներն իրենց հետ կբերեն տիկնիկներ ու տարատեսակ խաղալիքներ»,- նշված է կազմակերպիչների հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 6-ին Սագարեջոյում սպանվել է 14-ամյա Աիթաջ Շախմարովան։ Հետաքննության վարկածի համաձայն, աղջկան սպանել է ամուսինը՝ 27-ամյա Ալի Ասլանովը, որը 2 ամիս առաջ նրան ստիպել է ամուսնանալ իր հետ։ Սպանության համար մեղադրվողին ձերբակալել են միայն չորրորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին։ Աղջկա մայրը պահանջել է նրան ցմահ ազատազրկման դատապարտել։ Սպանված աղջկա մայրն ու հորեղբայրը ձերբակալվել են սպանության հաջորդ օրը։ Դատախազությունը նրանց մեղադրանք է առաջադրել ամուսնության հարկադրանքի և հանցագործության մասին չհայտնելու համար:

14-ամյա աղջկա մորը մեղադրանք է առաջադրվել