14-ամյա աղջկա մորը մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի դատախազ Խաթիա Գոգրիչիանիի խոսքով, Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետում սպանված 14-ամյա Աիթաջ Շախմարովայի բռնի ամուսնության կազմակերպիչը մայրն է եղել, որովհետև հենց մոր աջակցությամբ է աղջիկն ապրել մի տղամարդու հետ, ում հետ համատեղ ապրելու ցանկություն չի ունեցել:

Դատախազի գնահատմամբ՝ աղջկա մահվան անմիջական պատասխանատուն մայրն է։ 14-ամյա աղջկա մայրը մեղադրվում է հարկադիր ամուսնությանը մասնակցության և հանցագործության մասին չհայտնելու համար։

Բացի մորից, մեղադրանք է առաջադրվել նաև 14-ամյա աղջկա հորեղբորը։ Նա ձերբակալվել է, իսկ սպանված աղջկա մորը կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատախազությունը, բայց Ռուսթավիի քաղաքային դատարանը հավանություն չի տվել։

14-ամյա աղջկա ամուսինը՝ Ալի Ասլանովը, ասել է, որ զղջում է արարքի համար: Ըստ նրա՝ սպանությունը միտումնավոր չի եղել. նա չի ընդունել դիտավորյալ սպանության մեղադրանքը: Նրա խոսքով, ինքը մտածել է, որ զենքն օդաճնշիչ է։

Դատաքննության ժամանակ մեղադրյալը նաև պնդել է, թե չի իմացել կնոջ՝ Աիթաջ Շախմարովայի անչափահաս լինելու մասին: Նրա խոսքով, 14-ամյա աղջկա մայրն իրեն ասել է, որ աղջիկը 18 տարեկան է:

Հիշեցնենք. 27-ամյա Ալիմ Ասլանովին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «ե», «թ» և «կ» հոդվածներով (ընտանիքի անչափահաս անդամի դիտավորությամբ սպանություն), 236-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի հրազեն կրելը) և 143-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետով (նախնական իմացությամբ անչափահասին ապօրինի ազատությունից զրկելը), որը պատժվում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Վաղ ամուսնության զոհ 14-ամյա աղջկան այս տարվա հոկտեմբերի 6-ին սպանել էր ամուսինը, որից հետո հանցագործը փախուստի էր դիմել։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է հոկտեմբերի 10-ին։