Վրաստանի կառավարությունը պատասխանատու է Սաակաշվիլիի առողջության համար. Ստանո

Եվրահանձնաժողովի արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ Վրաստանի կառավարությունը պատասխանատու է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջության և բարեկեցության համար:

Ստանոն նշել է՝ Վրաստանի կառավարությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Սաակաշվիլին ստանա համապատասխան բժշկական օգնություն

«Եվրամիությունը ուշադիր հետևում է Միխեիլ Սաակաշվիլիի առողջության վատթարացման մասին վերջին մտահոգիչ լուրերին…»,- գրել է Ստանոն։

Սաակաշվիլիի փաստաբաններից Իլիա Լոմիան՝ «Վիվամեդ» կլինիկայում երրորդ նախագահին այցելելուց հետո, ասել է, որ Սաակաշվիլին ցանկանում է մասնակցել վաղվա դատավարությանը։

Ի դեպ, Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին իրականում գործում է ինքնավնասման ռեժիմով և չի ենթարկվում բուժման ընթացքին։

Սաակաշվիլիի մոր՝ Գյուլի Ալասանիայի խոսքով, կարևոր չէ, թե այժմ ընտանիքը ինչ է մտածում. հիմա դատարանը պետք է որոշի՝ ապրի՞ երրորդ նախագահը, թե` ոչ։

Հարցին, թե` կրո՞ւմ է արդյոք Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի կյանքի պատասխանատվությունը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է. «Մեր կյանքը տրված է Աստծուն: Այնպես որ, ես իսկապես չեմ կարող պատասխանատվություն կրել որևէ մեկի կյանքի համար»: