Գյուլիբաղ և Խոժոռնի գյուղերը կգազաֆիկացվեն. Արսեն Հախվերդյան

Մոտ 6 ամիս անց Մառնեուլիի շրջանի հայաբնակ Գյուլիբաղ և հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղերը կգազաֆիկացվեն, «Ալիք Մեդիայի» ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը:

Հախվերդյանը նաև հավելել է, որ հաջորդ տարի Խոժոռնի գյուղի սկզբնամասում գտնվող 1 կմ երկարությամբ 4 ներքին ճանապարհ կասֆալտապատվի կամ կբետոնապատվի:

«Արդեն եկել են ու նախագծել են այդ փողոցները: Ճանապարհները կբարեկարգվեն ըստ ռելիեֆի», — ասել է Հախվերդյանը:

Հախվերդյանը նաև հավելել է՝ Խոժոռնի գյուղում նաև մշակույթի տուն կկառուցվի, որի համար, ըստ պատգամավորի, ինքն անձամբ նամակով դիմել է տեղական իշխանություններին:

«Ալիք Մեդիա» Վրաստանը «Ինտերնյուս Վրաստան» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում` «Իմ համայնքի ձայնը» խորագրով նախագծի հիման վրա, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է Քվեմո Քարթլիի շրջանի բնակչության հարցերը՝ ուղղված Տեղական ինքնակառավարման մարմիններին: