Սոխումիի օդանավակայանը Վրաստանի օդային տարածքի մաս է. Պետդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է Վրաստանից չվերահսկվող Սոխումիի օդանավակայանը Ռուսաստանին փոխանցելու լուրին։

Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ն Սոխումիի օդանավակայանը համարում է Վրաստանի օդային տարածքի մաս։

«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը՝ դուրս բերել իր ուժերը մինչ հակամարտությունը եղած դիրքեր՝ ԵՄ միջնորդությամբ  2008 թվականին կնքված զինադադարի համաձայնագրով»,- ասել է Միլլերը։

Ի դեպ, Սոխումիի օդանավակայանը կհանձնվի ռուս ներդրողի։ Աբխազիայի դե ֆակտո հանրապետության «խորհրդարանը» հունիսի 16-ին 30 կողմ, 2 դեմ, մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ պաշտպանել է «միջկառավարական համաձայնագիրը», որը ստորագրվել էր Մոսկվայի և Սոխումիի միջև:

Դե ֆակտո հանրապետության «նախագահ» Ասլան Բժանիան օդանավակայանի վերականգնումը համարում է քաղաքական և տնտեսական բեկման կարևոր նախադրյալ, մինչդեռ ընդդիմությունը համոզված է, որ Սոխումիի օդանավակայանի փոխանցումը Ռուսաստանին բխում է միայն Ռուսաստանի և Աբխազիայի «կառավարությունների» առանձին անհատների շահերից։