Նախագահին մեղադրում է «եվրոպական ճանապարհը սաբոտաժի ենթարկելու» մեջ

Վրաստանի ընդդիմադիր «Դրոա» («Ժամանակն է») կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան  նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում է «եվրոպական ճանապարհը սաբոտաժի ենթարկելու» մեջ։

Խոշտարիան նշել է՝ մեկ տարի առաջ իշխող «Վրացական երազանքը» միտումնավոր սաբոտաժ է արել թեկնածուի կարգավիճակ ստանալու Վրաստանի պատմական հնարավորությունը՝ ճնշում գործադրելով ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի վրա:

«Վրաստանի նախագահը չխնայեց Նիկա Գվարամիային և չեղարկեց Եվրախորհրդարանում կայանալիք ամենակարևոր ելույթը՝ դրանով ևս մեկ անգամ սաբոտաժ անելով մեր եվրոպական ուղին։

Այսօր բողոքելու ժամանակը չէ, այսօր խորհրդակցության ժամանակն է, մենք չենք պատրաստվում համակերպվել դրա հետ (նկատի ունի եվրոպական ուղուց շեղումը-խմբ.) ու գործել «Վրացական երազանքի» առաջարկած օրակարգով։ Ուստի մենք սկսում ենք խորհրդակցություններ Նիկա Գվարամիայի ազատ արձակման պահանջով ձևավորված շարժման, բոլոր քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ, թե ինչպես վերացնել երկրորդ ամենամեծ հարվածը, որը հասցվել է մեր եվրոպական հեռանկարին»,- ասել Խոշտարիան։

Ի դեպ, ապրիլի 18-ին Զուրաբիշվիլիի այցը Ստրասբուրգ, որտեղ նախագահը պետք է ելույթ ունենար Եվրախորհրդարանում, հետաձգվել է։ Ըստ հաղորդագրության՝ այցի հետաձգման պատճառը Վրաստանի կառավարությունից «արհեստականորեն երկարաձգված համաձայնություն» ստանալու գործընթացն է։