Իշխող թիմը նախագահի թեկնածու չունի. Աբաշիշվիլի

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլիի հայտարարությամբ, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին քննադատում են, երբ նա հանդիպում է բնակչության հետ: Սակայն ըստ Աբաշիշվիլիի՝ այդ քննադատություններն արդեն ո՛չ զարմացնում են, ո՛չ էլ զայրացնում։

«Հետաքրքիր է, որ Վրաստանի նախագահի վրա հարձակվում են այն ժամանակ, երբ հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպումներ է վարում: Մեծամասնությունը հենց նման դեպքերում է ակտիվանում: Մեծամասնության հիմնական խնդիրն այն է, որ շատ են մտածում նախագահական ընտրությունների մասին, քանի որ թեկնածու չունեն, չեն կարողանում թեկնածու ներկայացնել: Իմ կարծիքով, ոչ էլ կկարողանան, քանի որ քաղաքական թիմը, որ իշխանության գալու օրվանից հետո պայքարում է նախագահի ինստիտուտի դեմ, կդժվարանա թեկնածու ներկայացնել»,- հայտարարել է Աբաշիշվիլին:

Վերջինս նաև ավելացրել է, որ նախագահի հանդիպումները բնակչության հետ նախընտրական քարոզարշավ չեն:

Նշենք, որ Մարգվելաշվիլին «Անկախությունից` ազատություն. հանրապետության 100 տարին» ծրագիր է մեկնարկել, որի շրջանակներում երեկ առաջին հանդիպումն է ունեցել Թելավիի համալսարանում: Իսկ ընթացիկ տարվա հոկտեմբերին Վրաստանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու:

Թողնել պատասխան